Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեքշաբթի օրը երկրի վեհաժողովում (խորհրդարան) երդում է տվել՝ երկրորդ անգամ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելով։
Սերբիայում ապրիլի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Վուչիչը հավաքել է ձայների 58,59%-ը և համոզիչ տարբերությամբ հաղթել առաջին փուլում։
Նույն օրը տեղի են ունեցել Վեհաժողովի պատգամավորների ընտրություններ, որոնցում գլխավորում է նրա Սերբական առաջադիմական կուսակցությունը՝ ստանալով միապալատ օրենսդիր մարմնում 250 մանդատներից մոտ 120-ը։
Որոշ ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովի կողմից բողոքների քննարկման պատճառով խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չեն հաստատվել, ուստի նախագահը երեքշաբթի օրը երդվել է Վեհաժողովում։ Առավոտյան խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել են քաղաքացիներ, շարվել է պատվո պահակախումբը։
Դահլիճում ներկա են եղել սերբ պատրիարք Պորֆիրին և այլ ավանդական դավանանքի ղեկավարներ, Սերբիայի նախկին նախագահները, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության սերբ անդամ Միլորադ Դոդիկը, կառավարության անդամներ, օտարերկրյա դեսպաններ։ Հանդիսավոր հանդիպումը բացել է խորհրդարանի նախագահ Իվիցա Դաչիչը։
«Երդվում եմ, որ իմ ամբողջ ուժը կներդնեմ Սերբիայի Հանրապետության, այդ թվում՝ Կոսովոյի և Մետոհիայի անբաժանելի մասի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը, ինչպես նաև մարդու և փոքրամասնությունների իրավունքների ու ազատությունների պահպանմանը, հարգանքի և պաշտպանությանը։ Սահմանադրության և օրենքների, խաղաղության և Սերբիայի Հանրապետության բոլոր քաղաքացիների բարեկեցության պահպանման համար, և ես ամենայն պատասխանատվությամբ կկատարեմ իմ պարտականությունները: Թող Աստված օգնի ինձ»,- Վուչիչը հնչեցրել է երդման տեքստը և արժանացել ներկաների ծափահարություններին: