The Guardian թերթը անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Անկախության օրվա կապակցությամբ ելույթներին:
Թերթը գրել է, որ Թրամփը հանդես է եկել կեղծ և ապակողմնորոշիչ հայտարարությունների շարքով՝ փորձելով նվազեցնել կորոնավիրուսի համավարակի վտանգը և հակադարձելով ԱՄՆ-ի Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի խոսքերին առ այն, որ «միանգամայն ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պայքարում ճիշտ ճանապարհով չի գնում»:
Թրամփը ասել է, որ իրենց հարվածել է Չինաստանից եկած վիրուսը, բայց իրենք կարողացել են առաջընթաց գրանցել:
«Մեր ռազմավարությունը լավ է ընթանում։ Այն հանդարտվում է մի շրջանում, փոխարենն ահագնանում է մյուսում, բայց մենք շատ բան սովորեցինք։ Մենք սովորեցինք մարել կրակը: Այժմ մենք թեստավորել ենք գրեթե 40 միլիոն մարդու։ Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեպքերի 99%-ը բացարձակապես անվնաս է: Նման արդյունքներ ոչ մի այլ երկիր ցույց չի կարող տալ, քանի որ ո՛չ քանակի, ո՛չ էլ որակի տեսանկյունից ոչ մի այլ երկիր չունի այնպիսի թեստավորման համակարգ, ինչպիսին մենք ունենք»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Թերթը քննադատել է ԱՄՆ նախագահի նման ապակողմնորոշիչ հայտարարությունները, որոնք հակադարձում են ինֆեկցիոն հիվանդությունների առաջատար մասնագետի խոսքերին:
Թերթի դիտարկումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

