Մարության. «էրեբունի-Երևան»-ի բյուջեի շուրջ 80%-ը կտրամադրվի «Մհեր Մկրտչյան» արտիստական և «Պատանի հանդիսատեսի» թատրոնների վերանորոգմանը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության թատրոններ, ծանոթացել խնդիրներին, վերանորոգման ու վերազինման աշխատանքներին:
Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շուրջ 300 հոգու համար նախատեսված դահլիճը շուտով հանդիսատեսին կներկայանա ավելի հարմարավետ՝ նորոգված, օդափոխության նոր համակարգով, նոր բազկաթոռներով և լուսաձայնային նոր հնարավորություններով: Հայաստանի թատրոններում նման նորարարական տեխնիկա առաջին անգամ է տեղադրվում:
Վերջին անգամ դրամատիկական թատրոնը նորոգվել էր շուրջ 20 տարի առաջ: Գրեթե նույնքան ժամանակ չեն նորոգվել նաև համայնքային մյուս երկու թատրոնները: «Չնայած որ քաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք օր առաջ պետք է լուծենք, երբևիցե չպետք է մոռանանք արվեստի մասին: Առանց արվեստի մեր քաղաքը կյանք չունի: Մենք՝ որպես քաղաքային իշխանություն, պետք է ապահովենք հարմարավետությունը թատրոնների աշխատակազմերի ու նաև հանդիսատեսի համար: Հենց դրա համար պարոն Վիրաբյանի հետ մշակեցինք ծրագիր՝ սկսելու մշակութային կենտրոնների վերանորոգումը: Սկսեցինք դրամատիկականից: Հատկացվեց 157 մլն դրամ: Մրցույթի արդյունքում 25 մլն դրամ տնտեսում ենք ունեցել: Աշխատանքներն այս պահին գրեթե ավարտված են: Թատրոնը տեսքի է եկել՝ նստարանները, առաստաղը: Ամենակարևորներից էր տեխնիկական ապահովումը՝ լույսերը, ձայնը, ինչը հեշտացնում է կոլեկտիվի աշխատանքն, ու կարողանում ես փոխանցել հանդիսատեսին այն, ինչ մտածել ես» ,-ընդգծել է Հայկ Մարությանը:
«Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոններ այցի ընթացքում քաղաքապետին ներկայացվեցին հիմնական խնդիրները. շենքերը կարիք ունեն ընդհանուր վերանորոգման, օդափոխության անցկացման, գույքի թարմացման, տեխնիկական արդիականացման: Թատրոնների նորոգումը քաղաքապետարանը նախատեսել էր առաջիկա տարիներին, սակայն քաղաքապետ Հայկ Մարությանի նախաձեռնությամբ, աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի: Դրա համար հատկացվել է «Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված բյուջեի շուրջ 80 տոկոսը:
«Այն վիճակում են մեր օջախները, որ ուղղակի չենք կարող չսկսել վերանորոգումը: Այս տարի հայտնի պատճառներով որոշում ենք կայացրել «էրեբունի-Երևան» տոնակատարությունը նշել շատ համեստ, այդտեղ կունենանք տնտեսում, իսկ, քանի որ, «էրեբունի-Երևան»-ն ինքնին մշակութային միջոցառում է, մենք այդ տնտեսումը, որը կկազմի մոտավորապես 150 մլն դրամ, կներդնենք մշակույթի ոլորտում և կվերանորոգենք համայնքային երկու՝ «Պատանի հանդիսատեսի» և «Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնները»,- նշել է քաղաքապետը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնների նորոգման համար առաջիկայում կպատրաստվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը:
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/3072290262898599