Կառավարություն

Երեկվանից զրոյացվել է անցանելիությունը և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումը ԼՂ. ՀՀ վարչապետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, ԼՂ-ին էլեկտրական էներգիայի և բնական գազի մատակարարման արգելափակումը ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

Այս մասին այսօր Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե նախորդ ամսվա ընթացքում Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է նաև այդ անցանելիությունը, և անգամ առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել ԼՂ-ին, այսինքն՝ ԼՂ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում: Նաև թույլ չի տրվում անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող հիվանդների անցումը Լաչինի միջանցքով»,- նշեց ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս գործողությունները ևս մեկ անգամն հիմնավորում են այն մտավախությունը, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում: Ըստ նրա՝ խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ գործողությունների մեկնարկի:

«Այս իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի միջազգային տեղեկացվածության բարձրացումը, և այս ուղղությամբ մեր ջանքերը չպետք է նվազեն: Նաև շարունակում ենք կարծել, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է, և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»,- ընդգծեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ