«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Հայկական շուկայում ռեստորանային ոլորտի առաջատարներից «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը Արցախում Զինված Ուժերի սննդի կազմակերպման գործընթացն իրականացնող մասնավոր կազմակերպություններից մեկն է լինելու:

Այսօր ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանը և արցախյան ծրագրերի պատասխանատու Ալեքսանդր Գասպարյանը հանդիպել են ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի, գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի և աշխատանքի, սոցիալական հարցերի ու վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի հետ՝ քննարկելու բանակին սնունդ մատակարարելու ծրագրին վերաբերող հարցերը: Մասնավորապես՝ ոլորտի պատասխանատուների հետ քննարկվել են ծրագրի շրջանակներում Արցախում գյուղմթերքի մատակարարմանը, նոր աշխատատեղերի բացմանը և Արցախի կառավարության հետ համագործակցությանն առնչվող դրույթներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դավիթ Երեմյանն ասել է, որ «Երեմյան Փրոջեքթս» -ը սննդի մատակարարումը կազմակերպելու է Արցախի մի շարք զորամասերում։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ զինվորի սննդակարգը պատշաճ ապահովելն առաջնային խնդիրներից է մեր երկրի համար: Ինքս ծառայել եմ բանակում, և նույնիսկ այն տարիներին, դեռ ոլորտում չլինելով, մտածում էի՝ ինչու չեն այս գործով զբաղվում մասնագետները: Այս տեսանկյունից պետության նախաձեռնությունը ողջունելի է: Մեր ընկերությունը, ունենալով սննդի ապահովման ոլորտում տարիների փորձ, պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը զինծառայողների սննդի կազմակերպման աշխատանքներում»,- նշել է Դ. Երեմյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում համագործակցելու են Արցախի և Հայաստանի բնակավայրերի ֆերմերային տնտեսությունների ու անհատների հետ՝ արդյունքում թարմ և որակյալ մթերք մատակարարելով զինվորներին։ Ընկերությունը ձևավորելու է աշխատանքային խումբ, որը կգործուղվի Արցախի զորամասեր՝ վերապատրաստելու և օգնելու իրենց գործընկերներին մասնագիտական հմտությունները կատարելագործելու հարցում։
«Ծրագրի շրջանակներում «Երեմյան Փրոջեքթս»-ը կբացի մոտ 300 նոր աշխատատեղ՝ 180-200 հազար դրամ միջին աշխատավարձով։ Մեր առաջին քայլը լինելու է զորամասերում խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը, որը կնպաստի ուտեստների արագ պատրաստմանն ու որակի բարելավմանը»,- ընդգծել է Դ. Երեմյանը:

Նա տեղեկացրել է, որ ճաշացանկը մշակելիս ուսումնասիրվել են տարբեր երկրների փորձը և նորմատիվները: Գլխավոր նպատակը բարձրորակ սնունդ և բազմազանություն ապահովելն է։ Լինելու է հագեցած նախաճաշ, ճաշ և ընթրիք: Ճաշին մատուցվելու են 2 տաք ուտեստներ, տարբեր տեսակի աղցաններ, կաթնամթերք, քաղցրավենիք, այդ թվում՝ մեղր, թխվածքաբլիթներ:

Ամենաթարմ