Երևան
14:11 05/08/2021

Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի ավտոբուսների պարկը հոկտեմբերին կհամալրվի ևս 211 ավտոբուսով, և մայրաքաղաքը կապահովվի 16-17 ավտոբուսային նոր երթուղիներով:

Նա նշել է, որ ավտոբուսները կշահագործվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

«Ըստ ՀՀ իրավական կարգավորման՝ տրանսպորտային պարկի ամեն 8 մեքենայից մեկը պետք է լինի ռեզերվում, այսինքն, 211-ից շուրջ 30-ը կլինի ռեզերվում: Երթուղի դուրս կգա շուրջ 180 ավտոբուս: Հաշվի առնելով այն, որ յուրաքանչյուր երթուղում 8-12 ավտոբուս է լինում, ապա կունենանք մոտ 16-17 նոր ավտոբուսային երթուղիներ»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս ավտոբուսների շահագործման շնորհիվ ակնկալվում է, որ առարկայական փոփոխություն կլինի երևանյան տրանսպորտի ոլորտում:

Վճարման համակարգի մասին խոսելով՝ Կարապետյանը շեշտեց, որ ակնկալվում է, որ այդ ժամանակ կլինի արդեն էլեկտրոնային միասնական համակարգ, որը հնարավորություն կտա վճարել առանձին քարտերով։

«Քարտերը անհրաժեշտ կլինի ձեռք բերել նախօրոք, կամ բանկային քարտերով: Եվրոպական մի շարք քաղաքներում նմանատիպ համակարգեր են գործում, չկա այնպիսի տարբերակ, որ ուղևորը թղթադրամ կամ մանրադրամ մեկնի վարորդին»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակը:

Անդրադառնալով արդեն իսկ շահագործվող նոր ավտոբուսների վարորդների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու հարցին՝ Կարապետյանը նշեց, որ նման դեպքեր, իհարկե, եղել են:

«Ավտոբուսների վարորդներ կան, որոնք աշխատանքից ազատվել են, կան նաև այնպիսիները, որոնք զգուշացում են ստացել: Պատճառներից մեկն եղել է, օրինակ, ղեկին ծխելը»,- շեշտեց Կարապետյանը և հավելեց, որ նոր վարորդների պահանջի վերաբերյալ հայտարարությանն արձագանքողների թիվը շատ չէ, մրցակցությունն էլ մեծ չէ:

Ավտոբուսները հուլիսի 31-ին Չինաստանի Լյաոչեն քաղաքի գործարանից հանդիսավոր պայմաններում ուղևորվել են դեպի Շանհայի նավահանգիստ: Այնտեղից նավով կմեկնեն դեպի Փոթի նավահանգիստ, որտեղից էլ՝ Երևան:

Այս մասին նա հայտնել է «Արմենպրես»-ի հետ զրույցում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ