fbpx
Խորհրդարան

Երկարաձգվում է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առաջարկեց 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել։ Քոչարյանը ասաց, որ 2022 թվականի մարտ ամսին հանձնաժողովի կողմից մշակվել է և քննարկումներից հետո մարտի 30-ին Պաշտպանության նախարարությունից ներկայացվել է 16 կետից բաղկացած առանցքային փաստաթղթերի ցանկը, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները կազմակերպելու համար։

«Նշված ցանկի համաձայն՝ պաշտպանության նախարարությունը շուրջ երկու ամիս ձևավորել է պահանջվող փաստաթղթերի փաթեթի մի մասը և այն ներկայացրել է հանձնաժողովի ուսումնասիրմանը։ Այն ներառում է օպերատիվ մակարդակի տեքստային և գրաֆիկական շուրջ 3500 նմուշ փաստաթղթեր, ընդհանուր տասը հազարից ավելի էջի ծավալով, որը դեռ վերջանական չէ։

Փաստաթղթերի ստացման օրվանից հանձնաժողովի անդամները, փորձագիտական խումբը մանրակրկիտ ուսումնասիրում են դրանց բովանդակությունը, կազմման որակը, համապատասխանությունը ղեկավար փաստաթղերի պահանջներին և պատերազմում ստեղծված իրավիճակներին։ Փաստաթղթի ուսումնասիրմամբ բացահայտված նոր փաստերից և տեղեկություններից կարիք է առաջանում Պաշտպանության նախարարությունից և պետական այլ մարմիններից ստանալ դրանցից բխող կամ փոխկապակցված բազմաթիվ այլ նոր փաստաթղթեր և տվյալներ»,- նշեց Քոչարյանը։

Քննիչ հանձնաժողովի նախագահի խոսքով՝ այս պահին հանձնաժողովը զբաղված է նոր փաստաթղթերի ուսումնասիրությամբ և դրանցից ստացված բազմաթիվ տվյալների և տեղեկությունների համադրմամբ։

«Դա բավականին բարդ, ծավալուն, ժամանակատար և պատասխանատու աշխատանք է, որի հիման վրա հնարավոր է կազմել հանձնաժողովի կողմից քննման ենթակա անձանց ցանկը։ Հանձնաժողովն արդեն կազմել է հրավիրյալների ցանկը, երկու անձի նամակ ուղարկել ենք։ Տեղյակ եք, որ Վարդան Օսկանյանը հեռավար ճանապարհով իր դժգոհությունն է արտահայտել, որը որևէ ձև չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքների չմասնակցության անհրաժեշտությունը։ Նա պետք է գա, և բոլորը պետք է գան։ Իսկ եթե խնդիր կա սահմանադրական օրենքի հետ կապված, նախագծերը նույնպես մշակված են և կներկայացվեն Ազգային ժողովի քննարկման։ Առաջարկում եմ 6 ամսով հանձնաժողովի աշխատանքները երկարաձգել»,- եզրափակեց Քոչարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ