fbpx
Հասարակություն

Երկրաշարժից 30 տարի անց

Գյումրին 88-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց… կիսավեր շենքեր, կիսախարխուլ տնակներ, բնակարանի ակնկալիքով ապրող բազմաթիվ ընտանիքներ…

1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը էպիկենտրոնում գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած երկրաշարժերից: Հայտնում է galatv.am֊ը

Աղետը վայրկյանների ընթացքում հիմնահատակ կործանեց Սպիտակը, ավերեց Գյումրին, Վանաձորը և Ստեփանավանը, մեծ վնասներ հասցրեց Դիլիջանին, Իջևանին, Ալավերդուն, Արթիկին, Ախուրյանին և այլ քաղաքների ու ավանների, ավերեց ավելի քան 350 գյուղ:
Պաշտոնական տվյալներով՝ աղետի զոհ դարձավ շուրջ 25 հզր. մարդ, իսկ հարյուր հազարավոր մարդիկ մնացին անօթևան:
Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ն.Ռիժկովի ղեկավարությամբ։ ԽՍՀՄ ղեկավար Մ. Գորբաչովը դադարեցրեց իր պաշտոնական այցը ԱՄՆ-ում և ժամանեց Հայաստան։

Հանրապետություն ժամանեցին հարյուրավոր փրկարարներ և բժիշկներ։ ԽՍՀՄ բոլոր հանրապետությունները երկրաշարժի առաջին ժամերից սկսեցին Հայաստան տեղափոխել դեղորայք, բուժսարքավորումներ, շինարարական տեխնիկա, վրաններ, սննդամթերք և ապա շինարարական աշխատանքներ կատարել։

Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ։

Երկրաշարժի առաջին ժամերից սփյուռքի հայությունը համախմբվեց և բազմակողմանի օգնություն ցույց տվեց իր հայրենակիցներին։ Նրանցից շատերը՝ բժիշկներ, հոգեբաններ, շինարարներ, ճարտարապետներ, մնացին Հայաստանում և անմիջականորեն մասնակցեցին փրկարարական և վերականգնողական աշխատանքներին։

Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները մի ամբողջ բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, որը կրում է մեծ հայասեր Ֆ. Նանսենի անունը։ Թաղամաս են կառուցել ավստրիացիները։ Գյումրիում շահագործման հանձնվեց անգլիացիների կառուցած դպրոցը, որի բացմանը մասնակցեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը և այլն։

Տարիներ տեւած շինարարական աշխատանքներից հետո, նաեւ հետագա տասնամյակների ընթացքում իշխանությունների կողմից տրված խոստումներից եւ կատարված մասնակի աշխատանքներից հետո, ցավոք, մինչ օրս վերացված չեն 88-ի աղետի հետեւանքները, լուծված չէ անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովելու խնդիրը, իսկ ժանգոտված, կիսաքանդ տնակները թարմացնում են գյումրեցիների, սպիտակցիների, վանաձորցիների դառը հիշողությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ