ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 30-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:
2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանությունում ահազանգ է ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 30-ամյա բնակչուհի՝ «որովայնի աջ կեսի կտրած-ծակած վերք՝ լյարդի վնասումով, կրծքավանդակի բազմաթիվ կտրած-ծակած թափանցող վերքեր՝ երկկողմանի պնևմոթորաքսի ձևով ծանր մարմնական վնասվածքներով»: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ կինը գտնվել է անգիտակից վիճակում և ի վիճակի չի եղել որևէ բացատրություն տալու:
Փաստի առթիվ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Իրականացված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1999 և 1979թթ.:
Նախնական քննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, պատահական տաքսի ավտոմեքենայով գնացել են «Նաիրիտ» գործարանի մոտ, մոտեցել են 30-ամյա կնոջը, սեռական հարաբերություն ունենալու պատրվակով համաձայնության գալուց հետո նստել են վերջինիս ավտոմեքենան և ուղևորվել Երևան քաղաքի հյուրանոցներից մեկի ուղղությամբ:
Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս բռնություն են գործադրել կնոջ նկատմամբ:
Մասնավորապես՝ պարզվել է, որ ճանապարհին՝ ավտոմեքենայում, 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող պարանը գցել է կնոջ պարանոցից և ձգել, իսկ 19-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել է կնոջ որովայնի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ՝ միաժամանակ պահանջելով վերջինիս ավտոմեքենան, իսկ ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած 39-ամյա տղամարդն իր մոտ գտնվող ատրճանակի կոթով հարվածել է նրա գլխին:
Այնուհետև կնոջը քաշելով առջևի նստատեղից տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստարանին, որի ժամանակ 19-ամյա երիտասարդը մի քանի անգամ դանակով հարվածել է կնոջ մեջքի հատվածին:
Ճանապարհին, երբ կանգ են առել կարմիր լուսացույցի տակ, 30-ամյա կինը դուռը բացել ու իրեն դուրս է գցել ավտոմեքենայից, իսկ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի:
2019թ. հունվարի 4-ին հարուցվել է քրեական գործ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը որոշում է կայացրել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:
Իրականացված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 19-ամյա երիտասարդին և 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե