fbpx
Իրավական

Երվանդ Զախարյանի և Արսեն Լալայանցի քրեական հետապնդումը դադարեցվել է

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել դադարեցնել քրեական հետապնդումը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի և քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախիկին պետ Արսեն Լալայանցի նկատմամբ: Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել էր, որ Երվանդ Զախարյանը և Արսեն Լալայանցը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ: Այսինքն` նշված պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով «Հաղթանակ» զբոսայգու հողամասի մասը կազմող և պետական սեփականություն հանդիսացող, 2.990.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող, օտարման ոչ ենթակա 10.000 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով` 164.760.000 ՀՀ դրամով, օտարվել է մասնավոր ընկերության, և հասարակությունը հանիրավի զրկվել է ազգային զբոսայգու մի ստվար հատվածից:

«Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, նշված անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին և հայտնել, որ չեն առարկում ոչ արդարացնող, այն է` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նշված հիմքով նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակը:

Մարինա Օհանջանյանի տեղեկացմամբ՝ որոշման օրինակն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` օտարված հիշյալ անշարժ գույքի գործարքներն առ ոչինչ ճանաչելու և գույքային միավորը պետության հաշվեկշիռ վերադարձնելու պետական շահերի հայց ներկայացնելու հարցը քննարկելու նպատակով:

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` «Հաղթանակ» զբոսայգուն հարակից տարածքներում գտնվող առանձնատների կառուցման համար հողահատկացման իրավաչափությունը և մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- նշեց նա:

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ