«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ դատապարտյալի, մեր՝ իշխանության պատասխանատվություն այդտեղ չկա: Բայց ես ուզում եմ ասել, որ չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել:
Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և ցուցակով ձերբակալելու…»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը վերաբերող հարցին:
Լրագրողների դիտարկմանը՝ խոստացել եք «Մարտի 1»-ը բացահայտել, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Գործը քննվում է: Ի՞նչ եք առաջարկում, վերցնենք ու որոշենք՝ դատարանն անաչառ չէ, լուծարե՞լ դատարանը, ձևավորել հեղափոխական տրիբունա՞…»: Լրագրողները հիշեցին վեթինգի մասին: ԱԺ նախագահը պնդում է, որ վեթինգն իրականացվում է՝ ԲԴԽ-ով, դատավորների բարեվարքության վերաբերյալ նախագծով և այլն. «Մեր քաղաքական թիմի ճանապարհը սա է՝ օրինականություն, իրավականություն և այս մեր ասածի պայմաններում են նաև մարդիկ մեզ քվե տվել»: Նա նկատեց, որ ինքն էլ որպես, քաղաքացի, կարող է ցանկանա, որ ինչ-ինչ հարցեր իր նպատակահարմարությամբ լուծվեն:
Այս համատեքստում նաև նկատեց, որ ՍԴ անդամներին դատարանից դուրս բերելը այսօր կարող է ճիշտ թվալ քաղաքական ուժի համար, վաղը կարող է այլ բան ճիշտ թվալ, բայց այդ ամենի իրավական հիմքերը պետք է լինեն:
Աղբյուրը՝ Aravot.am