«Սասնա ծռերի» առջև դրված էր հայրենիքի կորուստը, և նրանք ճիշտ քայլ են արել, եթե անհրաժեշտ լինի, ապա էլի են անելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստին իր ցուցմունքում նշեց «Սասնա ծռերի անդամ Պավել Մանուկյանը։
«Թե կամավորագրման պահով և թե ՊԲ նախարարի հետ անձամբ եմ խոսել, որ դադարեցնում ենք քաղաքական գործունեությունը դադարեցվում է և մենք պատրաստ ենք աջակցել պետությանը։ Բոլոր մեր մեթոդներն արժանացել են ռեժիմի դժկամությանը, չոր մերժման ու հալածանքին։ Մեր առջև դրված էր հայրենիքի կորուստը, և մենք ճիշտ ենք արել, եթե պետք լինի, ապա էլի կանենք։ Եթե հայ ժողովրդի առաջ գործում են պետական տեռորով, այնպես որ սիրելի տիկնայք ձեր ամուսիններին սպանողներն այստեղ նստած չեն»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:
7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։
Աղբյուրը՝ News.am