fbpx
Քաղաքականություն

ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետություններում (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Ռուսաստան) աշխատանքի որոնման միասնական համակարգի նախագծին:

«Նախագծի հիմնական գաղափարը որոնման համակարգի ստեղծումն է, որը ցանկացած քաղաքացու կամ գործատուի թույլ կտա թափուր աշխատատեղեր կամ ռեզյումեներ որոնել ԵԱՏՄ բոլոր երկրներում: Նախագիծը ծրագրվում է իրականացնել մինչև 2020թ. վերջ»,- հայտնում է ԵՏՀ-ն:

Նախագծի իրականացման համար ներգրավվել են ԵԱՏՄ 5 երկրների ազգային հարթակներ: Որոնողական համակարգը թույլ կտա հասանելիություն ստանալ ազատ աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկություններին:

«Արդյունքում համակարգից օգտվողներին՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին, հնարավորություն կտրվի ընտրել միության մեկ կամ մի քանի երկիր, որոնց տարածքներում անհրաժեշտ է աշխատանք փնտրել կամ անձնակազմ հավաքել, ձևավորել ազգային տեղեկատվական համակարգերի ունիվերսալ որոնողական հարցում, հասանելիություն ստանալ աշխատատեղերի և ռեզյումեների մասին ինֆորմացիային, ինչպես նաև ինտերակտիվ փոխգործակցության հնարավորություն ստանալ»,-հստակեցնում է ԵՏՀ-ն:

Համակարգը կօգնի ընդհանուր աշխատաշուկա ստեղծել, արագացնել աշխատուժի ազատ տեղաշարժի ընթացակարգը: Նախնական հաշվարկների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում դիմումների թիվը կկազմի առնվազն 1 մլն, իսկ աշխատատեղերի և գործատուների կողմից հրավերների մասին արձագանքների թիվը՝ համապատասխանաբար առնվազն 100 հազար և առնվազն 10 հազար:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ