Եվրոպական միությունը Հայաստանում մեկնարկում է փախստականների կարիքներին ուղղված նոր ծրագրեր

Ամենադիտվածներ

EU Armenia

2025 թվականի հունվարի 23-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարել է փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք նոր ծրագրերի մեկնարկի մասին։ Այս նախաձեռնությունները, որոնք իրականացվում են տեղական և միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ, նպատակ ունեն աջակցել փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, ինչպես նաև՝ պաշտպանել նրանց հիմնարար իրավունքները։

ԵՄ կողմից ֆինանսավորվող այս ծրագրերը ներառում են հետևյալ հիմնական ուղղությունները.

  1. «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների համար»
    Այս ծրագիրը, որը իրականացվում է Հայկական Կարիտասի, Իմփաքթ Հաբ Երևանի և Իրիս Բիզնես Ինկուբատորի կողմից, ուղղված է տնտեսական ինտեգրման հնարավորությունների ստեղծմանը։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել սկսնակ բիզնեսներին, գործող ձեռնարկություններին և ապահովել վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման հնարավորություններ։
  2. «Րայզ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում»
    Վորլդ Վիժըն Հայաստանի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի բարելավել սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիությունը և աջակցել փախստականների ու խոցելի խմբերի կենսական կարիքների լուծմանը։
  3. «Մարդու իրավունքեր փախստականներին համար և փախստականների հետ»
    Ծրագիրը, որը իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլիցիայի և Քոմիթ Գլոբալ կազմակերպության կողմից, ուղղված է փախստականների իրավունքների մասին իմացության բարձրացմանը և նրանց կարիքների լուծմանը։

Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու նպատակով 2023 թվականի սեպտեմբերից ի վեր Եվրոպական միությունը հատկացրել է ավելի քան 67 միլիոն եվրո։ Այս աջակցությունը ներառում է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության (DG ECHO) կողմից տրամադրված 18 միլիոն եվրոյի անհապաղ մարդասիրական օգնությունը։

Ծրագրերի մեկնարկի շրջանակներում՝ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն պարոն Անդրեաս Պապակոնստանտինուն ընդգծեց ԵՄ մոտեցումը.
«Մեր ընդհանուր նպատակն է ոչ միայն աշխատել հրատապ կարիքների լուծման ուղղությամբ, այլև՝ աջակցել փախստականներին և նրանց ընդունած համայնքներին՝ ապահովելու դիմակայուն և ներառական միջավայր բոլորի համար»:

2024 թվականին ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը տրամադրել է 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն, իսկ 2025 թվականին նախատեսված է ևս 25 միլիոն եվրո։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը կարևորեց փախստականների և խոցելի խմբերի ներառման ու ինտեգրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով պետության, հասարակական կազմակերպությունների և միջազգային գործընկերների միջև համագործակցության կարևորությունը։

Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ԵՄ հանձնառությունը.
«Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Հայաստանում փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն աջակցելու իր հանձնառությանը: Ներառական և աշխատող լուծումներ գտնելու համար կարևոր ենք համարում տարբեր դերակատարների միջև համագործակցությունը, ինչպես նաև փախստականների ու ընդունող համայնքների զորեղացումը»:

Միջոցառման ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների լուծման ուղղությամբ։

Այս նախաձեռնությունները ցույց են տալիս Եվրոպական միության և Հայաստանի կառավարության համատեղ ջանքերը՝ ապահովելու փախստականների և խոցելի խմբերի կարիքների բավարարումը և նրանց ներառումը հասարակության մեջ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ