Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգի պատգամավոր Ֆեռնանդ Կարտհայզերը հերթական անգամ դիմել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարությանը՝ կոչ անելով գործնական և հստակ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Կարտհայզերը իր նամակում ընդգծել է, որ Բաքվում ընթացող դատավարությունները քաղաքական դրդապատճառներ ունեն և չեն համապատասխանում միջազգային իրավունքի ու թափանցիկության չափանիշներին։ Նա նախազգուշացրել է, որ այս խնդիրը կարող է վնասել Հայաստան-Ադրբեջան խաղաղ գործընթացում արձանագրված փխրուն առաջընթացին։ ԵՄ Բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի գրասենյակից արձագանքել են, որ ԵՄ-ն հետևում է դատավարություններին և կոչ է անում Ադրբեջանին հարգել միջազգային պարտավորությունները, ինչպես նաև խրախուսում է կողմերին լուծել հումանիտար խնդիրները՝ օգտագործելով ստեղծված խաղաղ մթնոլորտը։

