Եվրախորհրդարանը դեկտեմբերի 18-ին բանաձև է ընդունել, որը կոչ է անում Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին անհապաղ հրաժարական տալ: Այս մասին տեղեկացնում է Եվրախորհրդարանի կայքը:
Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 581 խորհրդարանական, դեմ է եղել 26-ը, ևս 83-ը ձեռնպահ է մնացել:
Բանաձևում լուրջ կասկածներ են նշվում, որ Մուսկատի իշխանության օրոք հնարավոր չի լինի անկողմնակալ հետաքննություն վարել լրագրող Դաֆնա Կարուանա Գալիսիայի սպանության գործով:
Եվրախորհրդարանը քննադատել է այն փատը, որ լրագրողի սպանության հետ կապված կոռուպցիայի ու փողերի լվացման դեպքերի հետաքննություններն առաջ չեն շարժվում, կամ նույնիսկ չեն էլ սկսվել:
Այդ իսկ պատճառով, ինչպես նշվում է բանաձևում, Մալթայում վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները երկարաժամկետ սպառնալիք են ներկայացնում օրենքի գերակայությանը, ժողովրդավարությանը և հիմնարար իրավունքներին:
Ավելի վաղ Մալթայում ակտիվիստները ներխուժել էին վարչապետի գրասենյակ, որպեսզի պահանջեին նրա հրաժարականը՝ լրագրողի սպանության հետաքննության ֆոնին:
2017 թվականի հոկտեմբերի 16-ին Մալթայում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է լրագրող Դաֆնա Կարուանա Գալիսիան, որը հետաքննում էր կոռուպցիոն հանցագործությունները Panama Papers նախագծի շրջանակում և կոռուպցիայի համար էր մեղադրում Մալթայի վարչապետին: Ավելի ուշ պարզ է դարձել, որ լրագրողի սպանության համար դատարանի առաջ կկանգնեն երեք կասկածյալներ: