Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կոչ անելով չհավերժացնել և չբազմապատկել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև արդեն իսկ խոր արմատներ գցած վիրավորանքները։
Այդ համատեքստում, Եվրախորհրդի հանձնակատարի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն` Միյատովիչը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ, որում, պատերազմի ընթացքում առգրավված զինտեխնիկայի հետ մեկտեղ, ցուցադրված են մարդկային արժանապատվությունը նսեմացնող տեսարաններ, այդ թվում՝ զոհված կամ մահացող հայ զինվորների մոմե մանեկեններ։
«Նման պատկերները ես համարում եմ մեծապես անհանգստացնող և նվաստացուցիչ»,- «Ազատության» հաղորդմամբ՝ շեշտել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը՝ հավելելով, որ «նման ցուցադրությունը կարող է միայն է՛լ ավելի ուժեղացնել տևական թշնամական զգացմունքները և ատելության խոսքը, բազմապատկել և խրախուսել անհանդուրժողականության դրսևորումները»։