Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությանը ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանի և Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ուղեկցել են Վարդենիս համայնքի՝ 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Տրետուքի և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Հանգամանալից ներկայացրի թշնամու ձեռնարկած ագրեսիայի արդյունքում Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն, որոնցից բազմաթիվ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը։
148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 բնակարան՝ Կութում, 2 բնակարան՝ Վերին Շորժայում։ Ունենք վնասված երկու դպրոց, մեկ մանկապարտեզ, բնակավայրերի վարչական շենքեր, գրադարան և բուժկետ։ Ունենք հրետակոծությունից տուժած 8 բնակարան, որոնք պետք է կառուցվեն հիմնովին։ Վնասվել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, մոտ 40 տոկոսով ռիսկային է դարձել գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը։
ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրեց զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։
Դիտարկումներն իրականացվեցին չափիչ սարքերի միջոցով։
ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցրին, որ կիրականացնեն խոր ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ։
Հավաստիացնեմ, որ ԵՄ առաքելության պատվիրակության դիտորդական աշխատանքներին կցուցաբերվի մշտական աջակցություն և կծավալվի ակտիվ համագործակցություն»,- գրել է մարզպետը: