Facebook ընկերությունը հայտարարել է տասնյակ հազարավոր հավելվածների աշխատանքի դադարեցման մասին: Սա կապված է Cambridge Analytica ընկերության միջոցով տվյալների արտահոսքի շուրջ սկանդալի հետ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ հավելվածների աշխատանքի դադարեցումը կապված է 400 մշակողների հետ:
Ըստ ընկերության հայտարարության՝ ոչ բոլոր հավելվածներն են օգտատերերին սպառնալիք ներկայացնում:
2018 թվականին Facebook-ի վրա ճնշում գործադրվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Cambridge Analytica ընկերությունը հասանելիություն է ստացել համացանցի միլիոնավոր օգտատերերի տվյալներին՝ առանց նրանց թույլտվության:
Նշվում է, որ քաղաքական քոնսալթինգային Cambridge Analytica ընկերությունը օգտատերերի տվյալները հավաքել է քաղաքական գովազդային արշավ անցկացնելու համար:
ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովը հուլիսին Facebook-ին տուգանել էր 5 մլրդ դոլարով, ինչը համարվում է սպառողների մասնավոր կյանքի խախտման համար կիրառվող խոշորագույն տուգանք:
Տասնյակ միլիոնավոր մարդկանց տվյալներին հասանելիություն ստացած Cambridge Analytica-ի շուրջ սկանդալը Facebook-ին խոշոր վնաս է հասցրել, իսկ ընկերությունը բախվել է հայցերի և միջազգային քննադատության: