Նոյեմբերի 21-ից 27-ը Հայաստանի մի շարք մարզերում՝ Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում և Սյունիքում, խոշոր հրդեհներ էին բռնկվել բուսածածկ և խոտածածկ տարածքներում։ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, համագործակցելով այլ կառույցների հետ, անմիջապես անցել են հրդեհաշիջման գործողություններին։ Գործողություններին ներգրավվել է ավելի քան 2700 փրկարարական ծառայող, 65 հիմնական և շուրջ 260 օժանդակ տեխնիկա, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ, որով իրականացվել է 109 թռիչք։
Հրդեհների դեմ պայքարի ընթացքում ձևավորվել էր օպերատիվ շտաբ՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ։ Տեղեկատվության տարածումն ապահովում էր ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Նոյեմբերի 25-ին հաջողվել է ամբողջովին մեկուսացնել Գեղարքունիքի մարզի հրդեհները՝ կանխելով կրակի տարածումը անտառային և բնակելի գոտիներ։ Տավուշի մարզում, մասնավորապես Դիլիջանի մոտակայքում, հրդեհները մարվել են՝ կանխելով վնասները առողջարանային գոտիներին։
Այնուամենայնիվ, պետք է նշել, որ հրդեհների դեմ պայքարի գործում Հայաստանը թերանում է։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը դեռևս չի գիտակցում այն վտանգները, որոնք կարող են սպառնալ Հայաստանին բնական տարերքների հետևանքով։
Ցավոք, նոյեմբերի 26-ին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է հրշեջ-փրկարար Տարոն Սիմոնյանը։ Չորս հրշեջ-փրկարար տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ ՆԳՆ-ն հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ կանխելու նմանատիպ դեպքերը։

