Հոկտեմբերի 12-ին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել է, որ Հայաստանում էլեկտրոնային ծառայությունների հարկման մեխանիզմի ներդրման ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն գործուն քայլեր է իրականացնում:
«Կոմիտեի նախաձեռնությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունները հարկել ավելացված արժեքի հարկով, արժանացել է Կառավարության հավանությանը և Ազգային ժողովում ընդունվել առաջին ընթերցմամբ:
Նախագծի համաձայն՝ էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական և հեռահաղորդակցական ցանցի միջոցով մատուցվող ծառայությունները, այդ թվում՝ համացանցով: Այդպիսի ծառայություններ են համարվում, օրինակ, տեղեկատվական հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով գովազդային ծառայությունների մատուցումը և հարթակների տրամադրումը, համացանցով կրթության ոլորտի, էլեկտրոնային գրքերից օգտվելու, ֆիլմեր դիտելու համար նախատեսված վճարովի ծառայությունները:
Ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայություններից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունը կկրի բացառապես ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը: Ֆիզիկական անձանց, այն է քաղաքացիներին՝ հարկման առաջարկվող մեխանիզմը չի վերաբերելու։
- ՊԵԿ նախագահն ընդունել է ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահին
- ՊԵԿ նախագահը աշխատանքային շրջայց է կատարել Մեղրի մաքսային կետ-բաժնի տարածքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օրինակ, ենթադրենք, որ ֆիզիկական անձը գովազդ է պատվիրել «Ֆեյսբուք» սոցիալական հարթակում: Գործող օրենսդրությամբ «Ֆեյսբուքի» կողմից ֆիզիկական անձանց էլեկտրոնային եղանակով մատուցվող գովազդային ծառայություններն ԱԱՀ-ով չեն հարկվում։ Իսկ նախագիծն օրենքի ուժ ստանալուց հետո, քաղաքացու վճարած գումարներից ոչ ռեզիդենտը, այս դեպքում՝ «Ֆեյսբուքն» է ՀՀ օրենսդրության համաձայն հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե:
Մեկ այլ օրինակ. ենթադրենք քաղաքացին օգտվում է «Zoom» էլեկտրոնային հարթակով մատուցվող վճարովի որևէ կրթական ծառայությունից:
Այս դեպքում ևս ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունն է հաշվարկելու և ԱԱՀ վճարելու ՀՀ պետական բյուջե, իսկ ֆիզիկական անձը որևէ գործողություն չի անելու:
Էլեկտրոնային եղանակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կհաշվառվեն հարկային մարմնում, և կգործեն պարզեցված ընթացակարգեր՝ ԱԱՀ հաշվարկելու և ՀՀ պետական բյուջե վճարելու համար: ՀՀ-ում ֆիզիկական անձանց մատուցվող Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու է Կառավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: