Աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային ակումներն ունեն մականունները: Դրանք հաճախ վերագրվում են ակումբների երկրպագուների կողմից, իսկ երբեմն նաև մրցակից թիմերի երկրպագուներից՝ ֆուտբոլիստներին բարկացնելու և նյարդայնացելու նպատակով:
Թիմերից շատերն իրենց մականունները ստանում են մարզաշապիկի գույնի պատճառով, կամ էլ դա կապված է այն բանի հետ, թե որ քաղաքն են ներկայացնում: Սակայն հաճախ հանդիպում են նաև տարօրինակ և նույնիսկ զվարճալի մականուններ, որոնք առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չունեն այդ ակումբների հետ:
Ներկայացնենք դրանցից ամենատարածվածները.
Ծեր Սինյորա – «Յուվենտուս»
Թուրինի «Յուվենտուսը» իտալական ամենահին ակումներից է: Այն ստեղծվել է 1897 թվականին և չորրորդ ամենահին ակումբն է Իտալիայում: Սրանով էլ հենց բացատրվում է նրանց La Vecchia Signora մականունը, որը թարգմանաբար նշանակում է «Ծեր Սինյորա»:
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները նաև հայտնի են որպես սև-սպիտակները, որը խորհրդանշում է նրանց մարզաշապիկի գույները: Այսպես են կոչում նաև իտալական ևս երկու ակումբների՝ Ուդինեզեի և Սիենայի ֆուտբոլիստներին:
Աստծու որդիներ – «Այաքս»
Տրոյական պատերազմի մասին պատմող հունական դիցաբանության հերոսներից մեկի անունը Այաքս էր: 1925 թվականին ակումբն իր զինանշանի վրա ավելացրեց Այաքսի պատկերը: Հույները նրան որպես Աստված էին ընդունում, և նրանք, ովքեր երկրպագում էին Այաքսին, համարվում էին Աստծու որդիներ:
Հենց այստեղից էլ ակումբը որդեգրեց «Աստծու որդիներ» մականունը:
Կապտանռնագույններ – «Բարսելոնա»
Մականունն ընտրվել է ակումբի մարզաշապիկի գույներին համապատասխան: Los Blaugranas իսպաներենից թարգմանաբար նշանակում է կապույտ և նռան գույն կամ մուգ կարմիր: Գույներն ընտրվել են ակումբի հիմնադիր Ժոան Գամպերի կողմից:
«Բարսելոնան» հայտնի է նաև Los Culés մականունով: Սա կապված է մի զավեշտալի դեպքի հետ՝ ակումբի երիտասարդ տարիներից (1920-ական թվականներ): Բանն այն է, որ ակումբի խաղերին այցելում էին նախատեսվածից շատ երկրպագուներ: Մարզադաշտում նստելու տեղ չլինելու պատճառով երկրպագուները նստում էին դաշտը շրջափակող պատերին: Ուստի առաջին բանը, որ նկատում էին անցորդները նրանց հետնամասն էր: Այդտեղից էլ ակումբի երկրպագուները ստացան Los Culés մականունը, ինչը թարգմանաբար նշանակում է, նրանք, ովքեր ցուցադրում են իրենց հետնամասը:
Հնդկացիներ, Մատրաս պատրաստողներ – «Ատլետիկո Մադրիդ»
60-70-ական թվականների ընթացքում «Ատլետիկո» Մադրիդը Լատինական Ամերիկայից բազմաթիվ խաղացողներ գնեց: Ուստի, ակումբի մրցակիները սկսեցին նրանց անվանել հնդկացիներ: Սակայն «Ատլետիկոյի» երկրպագուները, ցույց տալով, որ դա իրենց չի վիրավորում, իրենք նույնպես որդեգրեցին այդ մականունը:
Ակումբի ֆուտբոլիստներին անվանում են նաև Los Colchoneros, որը թարգմանաբար նշանակում է մատրաս-պատրաստողներ: Անվան պատճառը նրանց մարզաշապիկն է: Ատլետիկոյի մարզաշապիկի սպիտակ և կարմիր ուղղահայաց շերտերը հիշեցնում են հետպատերազմական Ֆրանսիան, երբ մատրասները նույնպես այդպիսի տեսք ունեին:
Սերուցքայիններ, Վիկինգներ – «Ռեալ» Մադրիդ
Սերուցքայիններ մականունը ակումբը կրկին ստացել է մարզաշապիկի գույնի պատճառով: Իր ստեղծման օրից ակումբը կրել է նաև սպիտակներ (Los Blancos) մականունը, որը ասոցացվել է սերուցքի հետ, և հետագայում ակումբը ստացել է նաև այդ մականունը:
Վիկինգներ անվան երկու բացատրություն կա: Առաջինն ասոցացվում է այն բանի հետ, որ 1950-ական թվականներին «Ռեալն» իր գերիշխանությունն էր հաստատել ամբողջ Եվրոպայում, որն էլ, համեմատվելով Վիկինգների արշավանքների հետ, ակումբին նոր անուն է բերել:
Նշվում է նաև, որ ակումբն այդպես է կոչվում, քանի որ 70-ական թվականներին Հյուսիսային Եվրոպայի բազմաթիվ ֆուտբոլիստներ եկան մադրիդյան ակումբ:
Դեղին սուզանավ – «Վիլյառեալ»
1960-ական թվականներին ակումբը մեծ հաջողությունների հասավ իսպանական 3-րդ դիվիզիոնում, որի պատվին ակումբի ֆուտբոլիստներից մեկը սկսեց երգել Բիթլզի հայտնի «Դեղին սուզանավ» երգը:
Ակումբի երկրպագուները փոխելով երգի բառերը, այն սկսեցին երգել այս տարբերակով՝ “Amarillo es el Villarreal/amarillo es/amarillo es”, որը թարգմանաբար նշանակում է Վիլյառեալցիները դեղին են, նրանք դեղին են: Այստեղից էլ ֆուտբոլային ակումբը ստացավ այս մականունը:
Զինագործներ – «Արսենալ»
Այս մականունը կապված է ակումբի պատմության հետ: Հյուսիսային Լոնդոնի թիմը հիմնադրվել է շոտլանդացի գործարարների կողմից, ովքեր աշխատում էին զենքի արտադրամասում: Երբ պատրաստվում էր «Արսենալի» լոգոն, դրա կենտրոնում պատկերվեց այդ զենքերը խորհրդանշող հրացան:
Կարմիր սատանաներ – «Մանչեսթեր Յունայթեդ»
Ակումբն այս մականվան համար իրականաում պարտական է ֆրանսիացիներին: Ֆրանսիայում այսպես էին բնորոշում նախ անգլիական ռեգբիի թիմը՝ նպատակ ունենալով այն զարգացնել երկրում: Հետագայում սա դարձավ նաև ֆուտբոլային թիմի մականունը: