Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղավոր է ճանաչվել փողերի լվացման մեջ և արդեն կալանավորվել է: Նրա փաստաբանը հայտնել է, որ նախկին վարչապետը տեղափոխվում է բանտ, սակայն դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ուր: Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Ղարիբաշվիլին խոստովանել է իր մեղքը և կնքել դատավարական համաձայնություն, ըստ որի նա դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման:
Բացի ազատազրկումից, Ղարիբաշվիլին նաև տուգանվել է 1 միլիոն լարիով, որը կազմում է մոտ 370 հազար դոլար: Նա պարտավոր է պետությանը վերադարձնել իր տան խուզարկության ժամանակ առգրավված 6,5 միլիոն դոլարը: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նախորդ ամիսներ շարունակ խուզարկություններ է իրականացրել Ղարիբաշվիլիի և այլ պաշտոնյաների տներում, որոնց արդյունքում առգրավվել են մեծ գումարներ և թանկարժեք իրեր:

