fbpx
Զինված Ուժեր

Ֆրանսիայում ստորագրահավաք են կազմակերպել հայ ռազմագերիներին ազատելու համար․ Le Point

Ֆրանսիական Le Point հեղինակավոր պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից ռազմագերիների ազատ արձակման գործընթացը ձգձգելու, մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի միջնորդությամբ խնդրին լուծում տալուն:

Կազմակերպվել է ստորագրահավք, որին արդեն մասնակցել է100-ից ավելի մարդ, այդ թվում՝ պատգամավոր Կլեմենտին Օտանը, հայազգի դերասաններ Սերժ Ավետիքյանը, Սիմոն Աբգարյանը, սենատորներ Սերժ Բաբարին, Ջերեմի Բաքին, Առնո Բազին, «Բժիշկներ առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ Ժակ Բերեսը և այլք:

Ստորև որոշակի կրճատումներով թարգմանաբար ներկայացնում ենք լրատվամիջոցի անդրադարձը.

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի մասին հայտարարությունից 4 ամիս անց Բաքվի ռեժիմը դեռ հրաժարվում է իրականացնել հիմնական մարդասիրական դրույթներից մեկը, այն է՝ ռազմագերիների ազատումը: Մոտավոր հաշվարկներով` ներկայում մոտ 200 մարդ շարունակում է կալանավորված մնալ բռնապետական երկրի բանտերում: Փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ձերբակալվածներին համարում է «ահաբեկիչներ»՝ հիմնավորելով, որ նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարություն ստորագրումից հետո: Սակայն այդ զինվորները հրադադարի կնքման պահին շրջափակված են եղել ռազմական գործողությունների հիմնական ճակատներից մեկում՝ Հադրութում, որը այդ ժամանակ օկուպացրել էին թուրք-ադրբեջանա-ջիհադիստական ուժերը:

Ստորագրված փաստաթղթի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարի այս անհարգալից վերաբերմունքը փշրում է 1915 թվականի Ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովրդի՝ իր նախնիների հողում մնալու և նորմալ կյանքին վերադառնալու հույսը: Դա կարող է մեկնաբանվել միայն որպես ատելության լրացուցիչ դրսևորում այս սուբյեկտների նկատմամբ, որոնց նախագահ Ալիևը խոստացել էր «որսալ շների նման»: Եվ սա է, որ 44 օր տևած ռազմական ագրեսիայից, ռմբակոծություններից և չարաշահումներից հետո, հանգեցրել է 3500 հայ զինծառայողի մահին և տասնյակ հազարավոր անձանց փախուստի»,- գրում է Le Point-ը:

Ֆրանսիական պարբերականը գրում է նաև, որ ադրբեջանցիների իրականացրած ռազմական հանցագործությունների համակարգված պրակտիկան՝ մահապատիժների, զինվորների, ազգությամբ հայ քաղաքացիական անձանց խոշտանգումների մասին պատմող տեսանյութերի ինքնագոհ տարածումը, դիակների խեղումներն ուղղակի ապացույցն է վերոնշյալի:

Ամփոփելով հոդվածը՝ պարբերականը, վկայակոչելով մի շարք քաղաքական գործիչների, փորձագետների նախաձեռնած կոչ-ստորագրահավաքը, շեշտում է, որ այն ստորագրողները խնդրում են Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային, որը զբաղվում է հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններով, օգտագործել իր ողջ իրավասությունը հայ ռազմագերիների ազատ արձակմանը հասնելու համար:

«Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել զոհերին, ապա թող գոնե ապահովի զինադադարի այս հումանիտար կետի պահպանումը»,- ընդգծում է ֆրանսիական լրատվամիջոցը և հավելում՝ սա խնդիր է, որը, կարծես, բանակցային խաղաղության հաստատման նախապայման է:

«Միևնույն ժամանակ այս խնդիրը տարածաշրջանում բռնության նկատմամբ օրենքի գերակայության պայման է, որը պետք է հրաժարվի տոտալիտարիզմի, պանթյուրքիզմի և բարբարոսության բարքերից»,- եզրափակում է Le Point-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ