Թուրքմենստանում Ֆրանսիայի, Հայաստանի և Ռումինայի դեսպանությունների մասնակցությամբ «Աշխաբադ» կինոթատրոնի դահլիճում ապրիլի 6-ին կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված «Թուրքմենստանում ֆրանսերեն լեզվի ինստիտուտի» կազմակերպած ամենամյա հերթական միջոցառումը:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ այս տարվա միջոցառումը նվիրված է եղել աշխարահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Թուրքմենստանի ֆրանսախոս աշակերտների, ուսանողների և երիտասարդների մասնակցությամբ կայացել է Շառլ Ազնավուրի «Emmenez-moi» երգի թեմայով ֆրանսերեն լեզվով շարադրության, Ազնավուրի երգերի կատարման և ֆրանսիական թեմատիկայով նկարչական աշխատանքների մրցույթ:
Ներկաներին ելույթներով ողջունել են Թուրքմենստանում Ֆրանսիայի դեսպան Ֆրանսուա Դելաուսը, Հայաստանի դեսպան Գառնիկ Բադալյանը, Ռումինայի դեսպան Սորին Վասիլու Մոլդովանը, և տարբեր անվանակարգերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին հանձնել պարգևներ, որոնց թվում երկու գլխավոր մրցանակ՝ երկշաբաթյա ուղևորություն դեպի Փարիզ: