fbpx
Խորհրդարան

Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 140-րդ գլխավոր վեհաժողովում:

Ստորև ներկայացնենք ելույթն ամբողջությամբ.

«Մեծարգո Նախագահ,

գործընկեր խորհրդարանականներ,

տիկնայք և պարոնայք,

թույլ տվեք ելույթս սկսել՝ շնորհակալություն հայտնելով մեզ հյուրընկալողին՝ Կատարի Պետության խորհրդարանին, վեհաժողովի հիանալի կազմակերպման և ջերմ ընդունելության համար:

Հայտնի լուսավորիչ Յոհան Հայնրիխ Պեստալոցին ասել է. «Այն կրթությունը, որը մենք խրախուսում ենք, կապված է այն տիպի հասարակության հետ, որը մենք ցանկանում ենք ստեղծել»: Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդը ոտքի ելավ արտահայտելու իր կամքը, որպեսզի ապրի այնպես, որ պաշտպանի մարդու իրավունքները և հիմնարար ազատություններն այնպիսի իրավիճակում, որտեղ իրավունքի գերակայությունը երաշխավորված է: Մեր ժողովուրդը գիտակցել է իր ձգտումը՝ ամենախաղաղ, ոչ բռնի ձևով, որն այժմ հայտնի է որպես թավշյա հեղափոխություն կամ հայկական ձևով հեղափոխություն: Անշուշտ, մարդու իրավունքները և հավասար հնարավորություններն առաջնահերթություններ են նոր Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում: Մենք համոզված ենք, որ օրենքի գերակայությունը և ուժեղ քաղաքացիական հասարակությունը գրավական են ուժեղ հասարակության և հետևաբար՝ ուժեղ պետության համար:

Այսօրվա ընդհանուր քննարկման թեման ծայրահեղ կարևոր է խաղաղություն և անվտանգություն ապահովելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, քանի որ խորհրդարանները վճռորոշ դեր են խաղացել ժողովրդին կրթելու հարցում:

Խորհրդարանի դերն ակնհայտորեն ոչ միայն օրենքներ ընդունելն է և քաղաքականությունը: Խորհրդարանականները պարտականություն ունեն ամրապնդելու այն արժեքները, որոնց հավատում են՝ գործելով որպես բազմապատկողներ: Այս առումով արժի հիշատակել, որ Հայաստանում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 2018 թվականի դեկտեմբերին, գնահատվել են որպես ժողովրդավարական, թափանցիկ, ազատ և արդար ու հանրության մեջ վստահություն վերահաստատող, որը կորել էր անցյալ տասնամյակներում:

Մեր խորհրդարանը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության խրախուսմանը, որովհետև կարծում ենք, որ այն մարդու հիմնարար իրավունք է, և խորհրդարանի անդամները գործում են որպես դերակատարներ ապագա սերունդների համար: Հայաստանի նոր ղեկավարությունը շոշափելի ջանքեր է գործադրում խթանելու քաղաքացիության զգացումը և ամրապնդելու քաղաքացիական մասնակցությունը: Այս տեսանկյունից վերջերս Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանելու Քաղաքացու օր: Այն կտոնվի ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը՝ նշելու ազգային շարժումը, որը հանգեցրեց հայ ժողովրդի հաղթանակին, քանի որ վերահաստատվել է իշխանությունը խաղաղ ձևով փոխելու ժողովրդի իրավունքը: Սա հիանալի առիթ է՝ խրախուսելու հասարակական երկխոսություն՝ կապված խաղաղության, անվտանգության և օրենքի գերակայության հետ:

Հուսով եմ, որ դուք կհամաձայնեք, որ նորարարությունը վճռորոշ դեր է խաղում 21-րդ դարի կրթության մեջ: Պետք է նշել, որ Հայաստանում կա բնական պաշարների պակաս, սակայն մեր երկիրը հսկայական մտավոր ներուժ ունի, այնպես որ զարմանալի չէ, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում ՏՏ ոլորտի զարգացմանը, որը հանգեցնում է մի շատ հետաքրքիր երևույթի. ՏՏ ոլորտի շատ հայ մասնագետներ կարող են աշխատել արտերկրում և պարադոքս է, որ այն չի հանգեցրել ուղեղների արտահոսքի: Ընդհակառակը, նրանք ի վիճակի են նպաստելու Հայաստանում տնտեսության զարգացմանը և ուզում եմ հավաստիացնել, որ մեզ մոտ ՏՏ ոլորտին առնչվող կրթությունը սկսվում է շատ վաղ տարիքում: Հայաստանում մենք ունենք Թումո կենտրոններ ստեղծարար տեխնոլոգիաների համար, որոնք հատկապես նախատեսված են ներգրավելու և բացահայտելու երիտասարդ տաղանդների: Անշուշտ, սա լավ փորձառություն է և նորարություն Հայաստանի կրթական մոդելի մեջ: Այստեղ կարող ենք ընդհանուր եզր ունենալ այլ երկրների հետ և ոգեշնչել այլ հաջող նախաձեռնությունների համար: Գաղափարն այնքան հաջող է եղել, որ նմանատիպ կենտրոն վերջերս ստեղծվել է Փարիզում:

Խաղաղության վերաբերյալ ժամանակակից տեսություններն առաջարկում են «դրական խաղաղություն» հասկացությունը, որը սահմանվում է որպես կառուցվածքային բռնության բացակայություն: Ճիշտն ասած՝ «Խաղաղություն չի նշանակում ցանկացած հակամարտության լրիվ բացակայություն: Այն նշանակում է բռնության բացակայություն ամեն կերպ և հակամարտության կարգավորում՝ կառուցողական ձևով»: Կարող եմ հպարտորեն պնդել, որ դուք չեք գտնի այլատյացության, անհանդուրժողականության և ատելության խոսքի նույնիսկ աննշան հետք մեր կրթական նյութերում, այդ թվում՝ դասագրքերում: Պատմությունը ցույց է տալիս, որ ատելության խոսքը կարող է հանգեցնել ատելությամբ լի հանցանքների և ցեղասպանությունների: Սա շատ զգայուն թեմա է մեզ համար, քանի որ 1,5 միլիոն հայեր դարձան ցեղասպանության զոհեր 1915 թվականին: Այսօր դուք երբեք չեք լսի որևէ ռազմատենչ հռետորաբանություն Հայաստանի որևէ ղեկավարի կողմից: Եվ ահա մենք սա ենք ակնկալում մեր հարևաններից նույնպես: Շատ դեպքեր են եղել, երբ մենք միջազգային հանրության ուշադրությանն ենք հրավիրել մեր որոշ հարևան երկրների կրթական նյութերում, այդ թվում՝ նույնիսկ մանկապարտեզներում տեղ գտած անընդունելի ատելության փաստերի, այլատյացության և ուղղակի ռասիզմի վրա: Այսպես չեն բնակչությանը նախապատրաստում խաղաղությանը: Դուք պետք է ձեր երեխաներին և երիտասարդ սերնդին նախապատրաստեք խաղաղության: Եվ մենք խիստ համոզված ենք, որ պետք է կենտրոնանանք խաղաղության վրա, քանի որ այն անվտանգության գրավականն է և համընդհանուր արժեք է բոլորի համար:

Հարգելի գործընկերներ,

կրթությունը կարող է երկարաժամկետ ներդրում լինել մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների, բռնի ծայրահեղականության, արմատականացման կանխարգելման պայքարում: Սա կարեւոր պայման է, եթե մենք ցանկանում ենք կազմավորել մի հասարակություն, որին մենք բոլորս ձգտում ենք: Երիտասարդության ներգրավումն այս բոլոր նախաձեռնություններում եւս հրամայական է: Դեռ ավելին, բռնի ծայրահեղականությունը կանխարգելելու նպատակով մենք պետք է կենտրոնանանք մշակութային և կրթական փորձի փոխանակման վրա, նպաստենք արվեստի զարգացմանը և երաշխավորենք տարբեր ազգերի միջև հարաբերությունների հաստատումը նոր տեխնոլոգիաներով: Այս ամենը կարող է վերափոխվել մի բարձր աստիճանի դրդապատճառի՝ խաղաղության հաստատման, հանդուրժողականության և խաղաղ համագոյակցության համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ