Ֆրանսիան դադարեցնում է զենքի վաճառքը Թուրքիային

Ֆրանսիան որոշում է կայացրել դադարեցնել սպառազինությունների արտահանումը Թուրքիա, որովհետև դրանք կարող են կիրառվել Սիրիայում։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն և ԶՈՒ նախարարությունը։

Նշվում է, որ որոշումն անհապաղ ուժի մեջ կմտնի։

«Եվրոպական միության երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում, հնարավորություն կտա համակարգել եվրոպական ընդհանուր մոտեցումը նշված հարցի առնչությամբ»,-նշել են հաստատություններում։

Հայտարարությունում ընդգծվում է, որ Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողությունը։

Պաշտոնական Փարիզի կարծիքով՝ ռազմական այս գործողությունը հարվածի տակ է դնում այն հաջողությունները, որոնց միջազգային կոալիցիան հասել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում՝ նաև հանգեցնելով ծանր հետևանքների հումանիտար ոլորտում, վնաս հասցնելով եվրոպական անվտանգությանը։

«Ֆրանսիան պահանջում է անհապաղ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի երկրների ներկայացուցիչների նիստ գումարել՝ քննարկելու, թե ինչ կերպ պետք է շարունակվեն կոալիցիայի ջանքերը այժմյան պայմաններում»,-ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Ամենաթարմ