Ֆրանսիայի ժանդարմերիայի կիբեռհանցագործության դեմ պայքարի կենտրոնը կարողացել է վիրուսից մաքրել ավելի քան 850 հազար համակարգիչ, որոնք «կոտրանքի» էին ենթարկվել հանցավոր կազմակերպության կողմից: Այդ մասին հայտնել է Figaro թերթը:
Ըստ թերթի տվյալների հաքերների խումբը, որոնց մասին խոսվում է, համաշխարհային ցանցում գործել է առնվազն երեք տարի: Ազգային ժանդարմերիայի «հաքերներ որսողները» կարողացել են հեռավորության վրա վիրուսից մաքրել ավելի քան 850 հազար համակարգիչ:
Դրանք բոլորը վերահսկվում էին հաքերների կողմից՝ առանց տերերի գիտության: Տեղեկատվական անվտանգության համար ծրագրային ապահովման մշակող Avast-ն արձանագրել է մեծ թվով համակարգիչների վարակում, որոնք հիմնականում գտնվում են Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայում, եւ կապվել է կենտրոնի հետ:
Ժանդարմները շատ արագ հասկացել են, որ հրահանգային եւ վերահսկիչ սերվերը, որի միջոցով կատարվել է գրոհը, գտնվում է Փարիզի տարածաշրջանում: Դրանից հետո C3N-ի աշխատակիցները կարողացել են ստեղծել սերվերի պատճենը եւ մաքրել վարակված համակարգիչների մեծ մասը՝ ոչնչացնելով վնասաբեր ծրագիրը՝ «որդը»։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: