fbpx
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահը խոստանում է շտկել լարված իրադրությունը երկրում

Ֆրանսիայում մի քանի շաբաթ շարունակվող բողոքի ցույցերից հետո երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկավ ելույթով՝ փորձելով մեղմել իր այն քննադատների զայրույթը, որոնց կարծիքով, ինքն ավելի շատ հոգում է հարուստների, այլ ոչ՝ սովորական ֆրանսիացիների համար։

«Անցած մեկ եւ կես տարիների ընթացքում միգուցե ինձ չի հաջողվել ապացուցել, թե որքան շատ եմ ես մտահոգ ձեր խնդիրներով։ Հասկանում եմ նաեւ, որ ես իմ խոսքերով միգուցե վիրավորել եմ ձեզնից ոմանց։ Սակայն այսօր ուզում եմ լինել շատ անկեղծ։ Եթե ես պայքարել եմ քաղաքական համակարգը ցնցելու, կեղծիքները՝ վերացնելու համար, արել եմ դա, քանի որ չափազանց շատ եմ հավատում իմ երկրին ու չափազանց շատ սիրում այն», ասել է Մակրոնը երկուշաբթի երեկոյան։

Սակայն, խոսելով բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների մասին, Մակրոնը հանդես է եկել խիստ խոսքերով՝ ասելով, թե չի լինելու ներողամտություն նրանց նկատմամբ, ովքեր ջարդել են ապակիներ, թալանել խանութներ եւ իրականացրել հարձակումներ ընդդեմ ոստիկանության։
Մակրոնն ապա հայտարարել է «տնտեսական եւ սոցիալական արտակարգ իրադրություն» երկրում։

Հիշեցնենք, որ նա ավելի վաղ չեղարկել էր վառելանյութի հարկերը բարձրացնելու որոշումը։ Այդ որոշման պատճառով էր ամբողջ երկրում բարձրացել անհանգստության ալիք։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ