fbpx
Գիտություն

ՀՀ ԳԱԱ նախագահը Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին

Հոկտեմբերի 5-ին ԳԱԱ-ից հայտնել են, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 28-ին և 29-ին Մինսկում մասնակցել է «Անկախ պետությունների համագործակցության 30 տարին. արդյունքներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական համաժողովին և Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստին:

«Ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտները իրականացնում են ԱՊՀ պետությունների գիտական կազմակերպությունների հետ համատեղ:

Աշոտ Սաղյանն առաջարկել է ստեղծել ԱՊՀ պետությունների միջակադեմիական հիմնադրամ հիմնարար հետազոտությունների իրականացման համար, ինչը կխթանի երիտասարդ գիտնականների համագործակցությունը և առաջընթացը: Նա նաև առաջարկել է ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի միջակադեմիական հետազոտություններ պատմական գիտությունների ոլորտում:

«Եթե առաջանում է քաղաքական կոնֆլիկտ պետությունների ղեկավարների միջև, գիտնակաները պետք է ասեն իրենց խոսքը և տան իրենց գնահատականը», – շեշտել է Աշոտ Սաղյանը:

Համաժողովին ներկա գրեթե բոլոր ակադեմիաների պատվիրակություններն առաջարկել են իրականացնել համատեղ հետազոտություններ՝ կապված ՔՈՎԻԴ-19-ի հետ:

«Այսօր տեղի են ունենում անսպասելի մարտահրավերներ, որոնց պետք է դիմակայել, ինչպես ՔՈՎԻԴ-19-ը: Հրատապ է, որպեսզի պետությունները, ակադեմիաները, գիտնականները համախմբվեն, համալրեն իրենց գիտական ուժն ու պոտենցիալը, որպեսզի կարողանան պայքարել այս արհավիրքի դեմ», – ասել է ակադեմիկոս Սաղյանը:

Նա հայտնել է, որ ավելի քան մեկ տարի ՀՀ ԳԱԱ-ին կից ստեղծված է գիտական խորհուրդ՝ կազմված լավագույն մասնագետներից, որոնք ՔՈՎԻԴ-19-ի հետ կապված աշխատանքներ են տանում, կազմել են համալիր ծրագիր, և ՀՀ ԳԱԱ-ն իր առաջարկություններով պատրաստ է մտնելու համագործակցության դաշտ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարում:

ՀՀ ԳԱԱ-ի պատվիրակության կազմից համաժողովին ելույթ են ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

Անցկացվել են Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նոր ընտրությունները: Աշոտ Սաղյանն ընտրվել է ԳԱՄԱ անդամ:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Վլադիմիր Գուսակովի հետ քննարկել են համագործակցության ծրագրերը: Ներկայում կա 16 ծրագիր, որոնք համատեղ իրականացնում են երկու պետությունների ակադեմիաների ինստիտուտները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի և Բելառուսի Հիմնարար հետազոտությունների հիմնադրամի ֆինանսավորմամբ:

«Որոշվել է առաջիկայում կնքել համագործակցության հուշագիր, որը կազմված կլինի Հայաստանի և Բելառուսի համար հրատապ և ակտուալ կետերից: Հայաստանը Բելառուս կգործուղի մասնագիտական պատվիրակություն՝ ճանապարհային քարտեզը կազմելու նպատակով, իսկ հուշագիրը կստորագրվի Վլադիմիր Գուսակովի՝ նոյեմբերին նախատեսված Հայաստան այցի ժամանակ», – ասել է Աշոտ Սաղյանը:

Սեպտեմբերի 30-ին Աշոտ Սաղյանը մեկնել է Մոսկվա և հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Սերգեևի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը: Կողմերը քննարկել են երկու պետությունների ակադեմիաների միջև ստորագրվելիք համագործակցության ճանապարհային քարտեզը, որում ներառված են այն ուղղությունները, որոնք գերակա են և ՀՀ-ի, և ՌԴ-ի համար: Ընդգծվել է Սևանա լճի և Բայկալ լճի հիդրոէկոլոգիական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև սեյսմոլոգիական, կենսատեխնոլոգիական համատեղ հետազոտությունների իրականացման անհրաժեշտությունը:

«Մենք պետք է ուժեղացնենք համագործակցությունը և ընտրենք այն ուղղությունները, առավելագույն 10-ը, որոնք արդիական են երկու պետությունների համար», – նշել է Աշոտ Սաղյանը: Ճանապարհային քարտեզի ստորագրումը նախատեսված է հոկտեմբերին՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի պատվիրակության՝ Հայաստան այցի ժամանակ:

Ալեքսանդր Սերգեևի հետ հանդիպմանը Աշոտ Սաղյանը բարձրացրել է նպատակային ասպիրանտուրայի հետ կապված հարցը:

«Սա կլինի լուրջ քայլ երիտասարդներին հայ-ռուսական գիտության շրջանակներում պահելու ուղղությամբ: Մեր պատմական կապերը պետք է զարգացնել ու ճկուն կերպով փոխանցել սերունդներին», – ասել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ալեքսանդր Սերգեևը դրական է արձագանքել ՀՀ ԳԱԱ նախագահի առաջարկին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ