Իռլանդիայի ոստիկանությունը՝ Gardaí-ն, հունիսի 15-ին Ուիկլոու և Կիլդեր կոմսությունների սահմանակից բաց տարածքում սկսել է լայնածավալ որոնողական աշխատանքներ։ Գործողությունն իրականացվում է 1990-ականներին անհետ կորած Ջո Ջո Դալարդի և Դեյրդրե Ջեյքոբի սպանությունների հետաքննության շրջանակում։
21-ամյա Ջո Ջո Դալարդն անհետացել էր 1995 թվականի նոյեմբերի 9-ին՝ Դուբլինից Կիլդեր կոմսության Մուն բնակավայր վերադառնալու ճանապարհին։ Նրա գործը 2020 թվականին վերաորակվել է որպես սպանության հետաքննություն։ 18-ամյա Դեյրդրե Ջեյքոբը անհետացել է 1998 թվականի հուլիսի 28-ին՝ Նյուբրիջի իր տան մոտակայքում, իսկ նրա գործով սպանության հետաքննությունը սկսվել է 2018 թվականին։
Ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ որոնումներին նախորդել է տեխնիկական հետազոտություն, որն իրականացվել է Իռլանդիայի պաշտպանության ուժերի աջակցությամբ։ Այժմ տարածքում ընթանում են պեղումներ և դատաբժշկական փորձաքննություններ, որոնք ղեկավարվում են Լուրջ հանցագործությունների վերանայման խմբի և Գարդայի քրեական հետաքննության ազգային բյուրոյի կողմից։
Իշխանությունները հայտնել են, որ անհետ կորածների ընտանիքները տեղեկացված են այս զարգացումների մասին և մշտական կապի մեջ են քննչական խմբի հետ։ Իռլանդական ոստիկանությունը շարունակում է աշխատանքները՝ փորձելով վերջնական լուծում տալ տասնամյակներ ձգվող այս գործերին։

