Գազի գինը չի թանկանա․ Նիկոլ Փաշինյանը հաստատում է

Հրապարակող՝

nikol

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում վերահաստատել է օրեր առաջ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հայտարարությունը, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը սպառողների համար չի թանկանա ձմեռվա ամիսների ընթացքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գազի սակագինը չի բարձրանա մինչև գարուն», ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս հարցի քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են, որ սակագինը պետք է ցածր լինի, որպեսզի չհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Նոյեմբերի 13-ին, ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա:

«Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- նշել է Գրիգորյանը:

Ամենաթարմ