Վրաստանի պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին ձերբակալվել է կաշառակերության և այլ քրեական գործերով մեղադրանքների հիման վրա։ Լիլուաշվիլին, ով մինչև այս տարվա ապրիլը ղեկավարել է Պետական անվտանգության ծառայությունը, այսօր առավոտյան ներկայացել է դատախազություն հարցաքննության համար, որտեղ էլ նրան կալանավորել են։ Գլխավոր դատախազ Գիորգի Գվարակիձեն հայտնել է, որ Լիլուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով՝ «առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը»։ Նրան սպառնում է 11-15 տարվա ազատազրկում։
Քննության տվյալներով՝ Լիլուաշվիլիի դեմ գործը ներառում է մի քանի դրվագ։ Նա մեղադրվում է թուրք ներդրողից մեկ միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ՝ քամու էլեկտրակայանների կառուցման հուշագրի լոբբինգի համար, ինչպես նաև «Էքսպրես-Սերվիս 2008»-ի հիմնադիրից 1,5 միլիոն լարիի շորթման մեջ՝ գազիֆիկացման մրցույթներին օժանդակելու համար։ Բացի այդ, նա մեղադրվում է խարդախ զանգերի կենտրոնների հովանավորչության մեջ, որոնց եկամուտը, ըստ դատախազության, ուղղվել է ընդդիմադիր լրատվամիջոցների ֆինանսավորմանը։
Հոկտեմբերի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը խուզարկություններ է իրականացրել Լիլուաշվիլիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների տներում։ Խուզարկությունների արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, էլեկտրոնային սարքեր և մեծ քանակությամբ կանխիկ գումար։

