PanARMENIAN.Net-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի և Ռուս-Հայկական համալսարանի համատեղ կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայում՝ ապակե և պոլիմերային տակդիրների վրա աճեցվել են անցումային մետաղների երկքալկոգենիտների դասին պատկանող մոլիբդենի երկսուլֆիդի (MoS2) գերբարակ, ատոմական հաստության, մինչև 1 սմ2 մակերեսով, երկչափ (2D) կիսահաղորդիչներ, որոնք մոտակա տասնամյակում կարող են դառնալ թափանցիկ, ճկուն և ծալվող էլեկտրոնիկայի հիմքը:
Լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ստեփան Պետրոսյանի խոսքով՝ նման երկչափ նյութերից առաջինը՝ գրաֆենը, ստացվել է մոտ 10 տարի առաջ, ինչի համար ռուս գիտնականներ Անդրեյ Գեյմին և Կոնստանտին Նովոսյոլովին 2010 թ-ին շնորհվել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի բնագավառում: Այդ նյութը աշխարհում հայտնի ամենաբարակ բյուրեղական նյութն է, այն իրենից ներկայացնում է հարթ ցանց՝ բաղկացած վեցանկյուներից, որոնց գագաթներում տեղադրված են ածխածնի (C) ատոմները:
- ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է երգիչ Հայկոյի ընտանիքին, նրա արվեստի երկրպագուներին
- Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի մահվան կապակցությամբ
Ի տարբերություն գրաֆենի, մոլիբդենի երկսուլֆիդի թաղանթներն ունեն վերջավոր և հաստությունից կախված արգելված գոտու լայնություն՝ ընկած 1.2-1.8 էՎ տիրույթում: Ատոմական հաստության այսպիսի կիսահաղորդիչներն ունեն գրաֆենի նման հարթ բյուրեղական ցանց, կարող են լեգիրացվել, օժտված լինել n- և p- տիպի հաղորդականությամբ և մեծ հետաքրքրություն են ներկայացնում էլեկտրոնային, օպտիկական, մեխանիկական և այլ սարքերի համար:
Գոյություն ունեցող սինթեզի մեթոդներից լաբորատորիայում օգտագործվել է լազերա-իմպուլսային փոշեցրման մեթոդը, որի ժամանակ որոշիչ են իմպուլսների թիվը և էներգիան:
Ներկայում աշխատանքներ են տարվում երկչափ բյուրեղների մոլիբդենի երկսուլֆիդի հիման վրա ստեղծելու ֆոտոզգայուն կառուցվածքներ, այդ թվում նստեցված ճկուն պոլիմերային թաղանթների վրա:
Ցույց է տրված, որ օպտիկական հատկություններում էական դեր են խաղում նաև մեծ կապի էներգիայով օժտված երկչափ էքսիտոնները, որոնք կարող են գոյատևել նույնիսկ սենյակային ջերմաստիճանում: Արդյունքները հրատարակվել են Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences) ամսագրի 2021 թ-ի 3-րդ համարում: