Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հունիսի 2-ին եռակողմ խորհրդակցություններ են տեղի ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։
Աղբյուրի հաղորդմամբ՝ բանակցությունների օրակարգում եղել է նաև մայիսի 27-ին Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքից ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից գերեվարված 6 հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը։
«Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրության, ինչպես նաև 6 հայ գերիների վերադարձի հետ կապված մի շարք հարցեր»,- նշել են ՊՆ-ից։ Գերատեսչությունից, սակայն, չնշեցին, թե հայկական կողմից ովքեր են մասնակցել նախօրեի խորհրդակցություններին և ինչ փուլում են զինծառայողների վերադարձի հարցով բանակցությունները։ Նշենք, որ ՊՆ-ն այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, մոսկովյան եռակողմ խորհրդակցությունների մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Մասնավորապես, ՌԻԱ Նովոստին, վկայակոչելով սեփական աղբյուրները, գրել էր, որ «Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի առանձին սահմանային շրջաններում ապաէսկալացման ուղիները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել աշխատանքային շփումները»։