Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հինգշաբթի հայտնել է, որ Գերմանիան շուտով կավելացնի զենքի մատակարարումներն Իսրայել այն բանից հետո, երբ մատակարարումների զգալի կրճատումն այս տարի առաջացրել էր ընդդիմության մեղադրանքներն առ այն, որ Բեռլինը միտումնավոր հետաձգել է արտահանումը, տեղեկացրել է Reuters-ը։
«Մենք զենք չմատակարարելու որոշում չենք ընդունել։ Մենք մատակարարել եւ մատակարարելու ենք զենք»,- ասել է Շոլցը խորհրդարանում, պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հոկտեմբերի 7-ի հարձակման զոհերին նվիրված միջոցառման ժամանակ, պատասխանելով ընդդիմության ղեկավար Ֆրիդրիխ Մերցի մեղադրանքներին։
Կանցլերի խոսքով՝ կառավարությունը որոշում է ընդունել, «որը նաեւ երաշխավորում է, որ առաջիկայում կսկսվեն հետագա մատակարարումները»։
Մերցը, որը Գրեմանիայի պահպանողական ընդդիմության առաջնորդն է, կառավարությանը մեղադրել է Իսրայել զենքի արտահանումն ուշացնելու մեջ, ներառյալ զինամթերքները եւ տանկերի պահեստամասերը։
«Մի քանի շաբաթվա եւ ամսվա ընթացքում դաշնային կառավարությունը հրաժարվել է թույլատրել զինամթերքների եւ անգամ տանկերի պահեստամասերի արտահանումը,- ասել է Մերցը խորհրդարանի նիստում։- Մեզ հայտնի է մի քանի կոնկրետ դեպքերի մասին, երբ կառավարությունը հրաժարվել է հավանություն տալ սարքավորումների եւ նյութերի արտահանմանը, որոնք շտապ անհրաժեշտ էին Իսրայելին ինքնապաշտպանության համար»։
Գերմանիայի զենքի արտահանումն Իսրայել կրճատվել է այս տարի, եւ հունվարից մինչեւ օգոստոսի 21 տրվել է ընդամենը 14,5 մլն եվրոյի զենք, համաձայն էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ ի պատասխան խորհրդարանական հարցման։
2023թ. Գերմանիան հավանություն է տվել Իսրայել արտահանել 326,5 մլն եվրոյի զենք, ներառյալ ռազմական տեխնիկան եւ սպառազինությունները, ինչը 10 անգամ ավելի է, քան 2022թ., վկայում են նախարարության տվյալները։

