Գերմանիայի կառավարությունը նախագիծ է սկսել, որի շրջանակներում իմամներ (մահմեդական հոգևորականներ) են պատրաստվելու այդ երկրի մզկիթներում ծառայելու համար: Գերմանիայի կառավարությունը երկրում գործող իսլամական հիմնադրամների հետ համատեղ իմամներ պատրաստելու համար հատուկ կրթական նախագիծ է ներդնում: Իսկ հետո Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի համալսարանի աջակցությամբ Իսլամի քոլեջ է հիմնելու: Այս մասին հաղորդում է DW-ն։
Նշվում է, որ ներդրվող այդ փորձնական ծրագրի համար Գերմայիայի 2020թ. բյուջեում արդեն 400.000 եվրո է առանձնացվել: Բյուջեի նախագծի մեջ ծրագիրը ձևակերպված է հետևյալ կերպ՝
«Իսլամական համայնքների համար հոգևոր ծառայողների ուսուցման համար մոդելային նախագիծ»: Նախագիծն իրականացնելու համար հատուկ հիմնադրամ է հիմնվելու, որի կազմում կլինեն նաև անդամներ Գերմանիայում գործող իսլամական կազմակերպություններից ու իսլամական համայնքներից:
Այս ծրագիրը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել երկրում գործող իսլամական հիմնադրամների կողմից: Նախագծի մասնակիցներից «Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդ» հիմնադրամի նախագահ Աիման Մազյեքը դրական է գնահատել նախաձեռնությունը, ասելով, որ իրենք միշտ էլ կողմ են եղել Գերմանիայում իմամներ պատրատելուն: Նախագծին աջակցություն է հայտնել Գերմանիայի Ձախերի կուսակցությունը, որում ընդգրկված Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների գործունեությունը (հատկապես Հայոց ցեղասպանության հարցում) հաճախ հարուցում են Անկարայի դժգոհությունը:
Նախագծին խիստ բացասաբար է ազդել «Կրոնական գործերի թուրք-իսլամական միություն» հիմնադրամը (DİTİB), որը Գերմանիայում գործող ամենամեծ իսլամական հիմնադրամներից է՝ իր խնամակալության տակ այդ երկրում ունենալով 1000-ից ավելի մզկիթ:
Թուրքական կառավարության հետ սերտ կապերով ու իր վրա ունեցած Անկարայի մեծ ազդեցությամբ հայտնի DİTİB-ի Ներքին Սաքսոնիայի ու Բրեմեն նահանգի ղեկավար Ալի Իսհան Ունլյուն հայտարարել է, որ իմամ պատրաստելը ոչ թե պետության, այլ համայնքների գործն է: Հայտնի է, որ հիմնադրամի խնամակալության տակ գտնվող մզկիթներում ծառայում են ավելի քան 1000 իմամ, որոնց մեծ մասը նշանակվում են Թուրքիայից և միջինում 4 տարի ծառայությունից հետո վերադառնում են Թուրքիա: DİTİB-ի կազմում ծառայող իմամները իրենց աշխատավարձերը ամբողջությամբ ստանում են Թուրքիայից: