Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակի առթիվ բանաստեղծի ծննդավայր Աշտարակում այսօր կազմակերպվել էր մեծանուն գրողին նվիրված միջոցառումների շարք:
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանն աշխատակազմերի և համայնքի բնակիչների հետ այցելեցին Կարմրավոր եկեղեցու բակ, ծաղիկներ խոնարհեցին Էմինի շիրմաքարին և հարգանքի տուրք մատուցեցին գրողի հիշատակին:
Գևորգ Էմինի 100-ամյակին նվիրված օրն ավարտվեց գրական-երաժշտական երեկոյով:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ ջազային համերգ:
Աշտարակի քաղաքային մշակույթի տանը հանդիսատեսը դիտեց «Հավերժի ճամփորդը» թատերական ներկայացումը, որի մասնակիցները մարզպետի կողմից արժանացան խորհրդանշական հուշանվերների:
Գևորգ Էմինի կյանքին ու ստեղծագործական ուղու մասին պատմող նյութերին այցելուները ծանոթացան Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում բացված «Ծնած տեղս Աշտարակ» խորագրով ցուցադրությունների էմինյան անկյունում:
Այս մասին տեղեկացնում են Արագածոտնի մարզի պաշտոնական կայքից։