fbpx
Մշակույթ

Ավստրիացի հայագետը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող 2 նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թվականից բյուջետային ֆինանսավորմամբ արտերկրում էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը: 2020-2021 ուստարում, նախկին 4-ի փոխարեն, վերոնշյալ ծրագիրն իրագործվել է 6 պետության 8 հաստատությունների, այդ թվում՝ Զալցբուրգի համալսարանի հետ: Վերջինիս «Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնի» («Center for the Study of the Christian East at the University of Salzburg») տնօրեն, ավստրիացի հայագետ, դոկտոր, դոցենտ Յասմին Դում-Թրագուտը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգությանն առնչվող երկու կարևոր հետազոտական ​​նախագիծ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։

Դրանցից համեմատաբար կարճաժամկետը (6 ամիս) «Ղարաբաղում հայերենի հանրալեզվաբանության» վերաբերյալ նախագիծն է, որի շրջանակում ուսումնասիրվելու են Արցախում հայոց լեզվի պատմությունը, բազմալեզու հասարակության մեջ դրա փոփոխվող գործառույթները` ընդհուպ մինչև Արցախի Հանրապետության պաշտոնական լեզուն դառնալը, դրա հեղինակությունը, լեզվի կենսունակությունը, արցախյան բարբառների և գրական հայերենի փոխհարաբերությունները: Այս նախագիծը ֆինանսավորվում է Զալցբուրգի համալսարանի հետազոտական ​​ֆոնդի (Research Fund of the University of Salzburg) կողմից:

Միջգիտակարգային մյուս նախագիծը՝ «Ձիու մարմինը՝ որպես հանդիպման վայր. մշակութային փոխանակումները և գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև ուշ միջնադարյան հայկական ձիագրքերում», հաստատվել է միջազգային մակարդակով և տևելու է չորս տարի՝ սկսած 2022 թվականից՝ ավելի քան կես միլիոն եվրո բյուջեով: Նախագծի շրջանակում նախատեսվում է համագործակցություն Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի համալսարանի (Գերմանիա), Վիեննայի Անասնաբուժական համալսարանի և Գրացի Վեստիգիա (Vestigia) ձեռագրերի հետազոտման կենտրոնի (Ավստրիա), ինչպես նաև Լոնդոնի, Փարիզի, Թբիլիսիի, Կահիրեի, Գերմանիայի և ԱՄՆ-ի մի շարք ձեռագրերի հավաքածուների հետ:

Այս ծրագրի հիմքում ընկած են ձիաբժշկության մասին մի կորսված միջնադարյան հայկական ձեռագիր, որի գոյությունը հայտնի է միայն մեկ այլ ձեռագրի հիշատակարանից, ինչպես նաև 6-րդ դարի հայկական բժշկական մի ձեռագիր, որը հայտնաբերվել է 2008 թ.-ին: Սկսելով այս բոլորովին չուսումնասիրված բժշկական ձեռագրով՝ նախագիծը ծավալվում է և ընդգրկում գիտելիքների փոխանցումը քրիստոնյա Արևմուտքի և մահմեդական Արևելքի միջև՝ միջնադարից վաղ արդիություն անցման փուլում: Հայերի կողմից ձիերի վերաբերյալ գիտելիքների ստացումը և հարակից մշակույթների, այդպիսով՝ համաշխարհային ձիաբժշկության մեջ ունեցած ներդրումը հնարավոր կլինի առաջին անգամ մանրակրկիտ վերլուծել՝ հիմնվելով հայերեն ձիագրքերի արաբերեն և վրացերեն չուսումնասիրված թարգմանությունների վրա:

Վերոնշյալ հայկական ձեռագիրը գրվել է Կիլիկիայում (1298 թ.), ապա տարվել է Սվաս/Սեբաստիա՝ Օսմանյան կայսրություն (1504), Թբիլիսի՝ Վրացական թագավորություն (1791), Սպահան՝ Իրանի Աֆշարինիների դինաստիա (19-րդ դար)՝ իր վերջնական հանգրվանը գտնելով Երևանում (2008 թ.). դրա անցած ճանապարհը եզակի հնարավորություն է՝ հետևելու շոշափելի մշակութային ժառանգության` ուշ միջնադարյան հայկական ձեռագրի անցած ճանապարհին, ինչպես նաև ընդգծելու դրա դերը որպես Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության, միջնադարյան ձիաբուժության մինչ այժմ անհայտ աղբյուր:

Այս նախագիծը միջնադարյան հայկական ձեռագիրն ուսումնասիրելու նպատակով միավորում է գիտակարգերի մի աննախադեպ խումբ, ինչը կարևոր նշանակություն ունի ինչպես հումանիտար, այնպես էլ բնական գիտությունների համար։ Յ. Դում-Թրագուտը ձևավորել է իր փորձագետների թիմը՝ կազմված հիմնականում Հայաստանից արաբերեն, վրացերեն և հայերեն ձեռագրագիտության հետազոտողներից, ինչպես նաև ավստրիացի և միջազգային համագործակցող խորհրդատուներից, որոնք ներկայացնում են ձեռագրագիտության և միջնադարագիտության, գիտության պատմության, կովկասագիտության ու իրանագիտության և անասնաբուժության ոլորտները։

Յ. Դում-Թրագուտն ընդգծել է, որ ոգևորված է այս նախագծով, քանի որ այն մեկ հետազոտական նախագծում ոչ միայն ներառում է իր երկու մասնագիտությունները՝ հայագետ-լեզվաբանի և ձիագետի, այլև իր երկու մեծ սերերը՝ Հայաստանը և ձիերը: Ավելին, Յ. Դում-Թրագուտի տեղեկացմամբ՝ ավստրիական մի էկումենիկ հիմնադրամի և Զալցբուրգի կաթոլիկ թեմի շնորհիվ հնարավոր է եղել ստեղծել Հայաստան ճամփորդելու հիմնադրամ՝ հայագիտություն մասնագիտացմամբ իր դոկտորանտ ուսանողների համար: Դա ուսանողներին հնարավորություն կտա Յ. Դում-Թրագուտի հետ այցելել Հայաստան, միասին աշխատել և իրականացնել դաշտային հետազոտություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ