ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը խորհրդարանում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, նշեց, որ Զեյնալյանն ընդդիմադիր պատգամավորական գործունեության ընթացքում սկզբունքորեն հետևում էր և քննադատում կառավարությանը, երբ նրանք կարևոր որոշումներն ու նախագծերը հապճեպ բերում էին ԱԺ:
«Ունենք կառավարության կառուցվածքի պես կարևոր և լուրջ նախագիծ, որը համապատասխան հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվեց՝ պատճառաբանելով, որ ժամը 4-ին լինելու է խորհրդի նիստ, այն շատ կարճ տևեց: Ըստ էության՝ մեր խմբակցության ներկայացրած առաջարկները կետ առ կետ չքննարկվեցին, ինչպես հարկն է»,- ասաց նա:
Գորգիսյանը նաև հայտնեց՝ արտախորհրդարանական ուժերը ևս e-draft հարթակում առաջարկներ էին ներկայացրել, որոնք նույնպես հաշվի չառնվեցին:
Նա առաջարկեց նախարարին մեկնաբանել այդ երևույթը:
Զեյնալյանն արձագանքեց, որ իր սկզբունքայնության վերաբերյալ պատգամավորի հարցադրումն այսօրվա օրակարգի հետ կապ չունի:
«Դա քաղաքական փոքրամասնության հնարքներից է»,- ասաց նա: