Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնում ամփոփվել է 2021 թվականի աշխատանքային տարին, որի արդյունքներով Գեղարքունիքի մարզում 2021 թվականին իրականացված միջոցառումների փաստացի ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ, ստեղծվել 1282 աշխատատեղ:
Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը։
«Նկատելի ներդրումներ են իրականացվել քաղաքաշինության, ճանապարհաշինության, դպրոցաշինության, սուբվենցիոն ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում։ Ներդրումներ իրականացվել են ՀՀ պետական բյուջեի, տեղական բյուջեի, Համաշխարհային բանկի, գերմանական KFW բանկի, միջազգային մի շարք այլ կառույցների կողմից։ Կառուցվել են միջազգային, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, կրթական, նախակրթական, մշակութային ու առողջապահական հաստատությունների շենքեր, խմելու և ոռոգման ջրատարներ, արեւային ֆոտովոլտային կայաններ, գազատարներ, էլեկտարահողրդման գծեր եւ տրանսֆորմատորային ենթակայաններ, արոտների ջրարբիացման համակարգեր, ձեռք է բերվել նոր գյուղտեխնիկա։ Ակնկալում ենք, որ այս տարի ևս լուրջ ձեռքբերումներ կունենանք մեր մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում»,- ասել է Վարդուհի Մնացականյանը։