Բաթումիում հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում, ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է:
Այս մասին տեղեկանում ենք Aliq.ge-ից։
Նշվում է, որ տվյալ տեղեկությունը հայտնում են Ախալքալաքի բնակիչները: Ըստ նրանց՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, Գոմանցի անչափահասին դանակահարելու համար բերման է ենթարկվել մեկ անձ:
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳ նախարարությունից հրաժարվել են իրենց պաշտոնական տեղեկատվություն տրամադրել դեպքի վերաբերյալ։