«Գիտուժ»-ի հայտարարությունը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Հանրային քննարկում կազմակերպելու նպատակով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» համակարգում։
«Գիտուժ» նախաձեռնությունը, համարում է, որ վերոնշյալ օրենքը պետք է հիմք հանդիսանա Հայաստանում գիտական էկոհամակարգի զարգացման համար, որն իր հերթին կբերի բարձրագույն կրթական համակարգի զարգացմանը՝ մրցունակ գիտնականներին ավելի հասանելի դարձնելով համալսարանների համար: Այս համատեքստում պետք է արձանագրել, որ օրենքի նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։ Միևնույն ժամանակ, նախագծում շեշտը հիմնականում դրված է բարձրագույն կրթության համակարգի վրա և գիտական համակարգի մասով լրամշակման կարիք ունի: Մասնավորապես՝
1. Նախագծում բացակայում է այն կետը, որը 2001 թվականից սկսած երաշխավորում է, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար յուրաքանչյուր տարի պետական բյուջեի ծախսային մասում նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ են լինելու [2]: Հիշեցնենք, որ «Գիտուժ»-ի պահանջներից մեկը մնում է՝ օրենքով ամրագրել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները, աստիճանաբար աճեցնելով, 2024 թվականին պետք է հասցնել բյուջեի առնվազն 4%-ին։
2. Նախագծի Հոդված 25-ով նախատեսվում է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի (Ակադեմիա) կազմից դուրս հանել մինչ օրս Ակադեմիայի կազմում գտնվող 30 գիտական կազմակերպությունները։
Բազմաթիվ երկրների օրինակը ցույց է տալիս, որ Գիտությունների ազգային ակադեմիաները հաջողությամբ իրականացնում են իրենց կազմում գտնվող գիտական կազմակերպությունների համակարգման գործառույթը: Այդուհանդերձ, օրենքի նախագծի հիմնավորման մեջ Ակադեմիայի այդ գործառույթը ներկայացվում է որպես բացասական երևույթ՝ առանց որևէ հիմնավորման:
Ըստ նախագծի՝ գիտական կազմակերպությունների առանձնացումը նշանակում է, որ յուրաքանչյուր կազմակերպության համար ստեղծվելու է ութ անդամից բաղկացած խորհուրդ, որը ձևավորվելու է հետևյալ համամասնությամբ. չորսին առաջադրելու է կազմակերպության գիտական խորհուրդը, երեքին՝ համապատասխան ոլորտի լիազոր մարմնի ղեկավարը, մեկին՝ Ակադեմիան։ Այդ գիտական կազմակերպությունների խորհուրդները համալրելու համար պետք է լինելու գտնել 200-ից ավել կառավարման համապատասխան հմտություններ ու փորձ, և/կամ տվյալ գիտական ուղղության մեջ գիտաչափական բարձր ցուցիչներ ունեցող անդամներ, որոնք պատրաստակամություն կունենան հանրային հիմունքներով աշխատելու՝ իրենց ժամանակը և ջանքերը ներդնելով գիտական կազմակերպության աշխատանքի որակի և արդունավետության կտրուկ բարձրացման մեջ։ Հարց է առաջանում՝ որտեղի՞ց են համապատասխան կողմերը գտնելու այդ քանակի և նման որակավորում ունեցող անդամներ։
Պետք է հավելել, որ մեզ համար շատ մտահոգիչ և անհասկանալի է նաև այն փաստը, որ վերջին 7 տարիների ընթացքում չեն անցկացվել Ակադեմիայի անդամների ընտրություններ։ Ըստ Ակադեմիայի մասին օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի՝ ընտրությունները, որպես կանոն, պետք է անցկացվեն երեք տարին մեկ՝ Ակադեմիայի առաջադրմամբ և ՀՀ կառավարության հաստատմամբ:
Սույն տարվա հունիս ամսին ընտրված ՀՀ ԳԱԱ նախագահը և ակադեմիկոս-քարտուղարը, լինելով Հայաստանի ամենաարդյունավետ գիտնականների շարքում, արդեն նախաձեռնել են ողջունելի բարեփոխումներ։ Այս օրենքի նախագծով գիտության բնագավառում նախատեսված փոփոխությունները խանգարելու են Ակադեմիայի նորընտիր նախագահի ու ակադեմիկոս-քարտուղարի նախաձեռնած բարեփոխումներին և երկարաժամկետ կտրվածքում վտանգի տակ են դնելու Ակադեմիայի կազմում գտնվող 30 կազմակերպությունների ամբողջականության ապահովումը և, անգամ, հետագա գոյությունը։ Մասնավորապես, օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները գրեթե անհնարին են դարձնելու Ակադեմիայի կազմում գտնվող մի քանի գիտական կազմակերպությունների միավորմամբ գերազանցության կենտրոնների ստեղծումը։
Հաշվի առնելով առկա վտանգները՝ կարծում ենք, որ Ակադեմիայի համակարգը պետք է պահպանել և նոր ղեկավարությանը հնարավորություն տալ, պետական լիազոր մարմնի հետ համագործակցելով, իրականացնել բարեփոխումներ: Մասնավորապես, Ակադեմիայում պետք է տեղի ունենան ամենախիստ գիտական չափանիշներին համապատասխանող նոր ընտրություններ:
Նախկին երեսուն տարիների ընթացքում Ակադեմիայի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել նրա համակարգի մեջ գտնվող կազմակերպությունների մեծ մասը՝ պաշտպանելով տարատեսակ ոտնձգություններից։ Միևնույն ժամանակ, Ակադեմիայի համակարգից դուրս գտնվող կազմակերպությունների գերակշիռ մասն այսօր այլևս գոյություն չունեն: Սակայն այս իրողությունն այլևս չի կարող հանդիսանալ Ակադեմիայի գոյության ամենածանրակշիռ փաստարկներից մեկը։ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է դառնա գիտական մտքի զարգացման ու գիտական գերազանցության կենտրոնների համակարգման, պետական ու հանրային կառույցներին խորհրդատվության և գիտության հանրայնացման արդյունավետ ու հզոր գործիք:
Այս նպատակին հասնելու համար պետք է պայքարել այս երեսուն տարիների ընթացքում արմատավորված տարբեր տեսակի արատավոր երևույթների տարածման դեմ։ Մասնավորապես, անթույլատրելի ենք համարում գիտական արդյունքի իմաստի աղավաղումը՝ անհատական կամ խմբային շահերից բխելով։ Այս կործանարար երևույթը նպաստել է գիտական էկոհամակարգի քայքայմանը և տաղանդների արտահոսքին:
Մենք ուշադրությամբ հետևելու ենք Ակադեմիայի ներսում տեղի ունեցող գործընթացներին, բարեփոխումների ընթացքին և հարկ եղած պահին արձագանքելու ենք՝ օբյեկտիվ գնահատական տալով երևույթներին:
Հայաստանի գիտական և տեխնոլոգիական սրընթաց արդիականացումն ապահովելու համար մենք պետք է խելամիտ և արդյունավետ օգտագործենք մեր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները։ «Գիտուժ» նախաձեռնությունը պատրաստակամ է աջակցել օրենքի նախագծի՝ գիտությանը վերաբերող դրույթների լրամշակման աշխատանքներին։
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր.» ԿԳՄՍ նախարարություն, https://www.e-draft.am/projects/3663
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքը, հոդված 23, կետ 2, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121626
«Գիտուժ» նախաձեռնության պահանջը, https://gituzh.am/պահանջ/
«ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքը, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=121477
ՀՀ բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթի արդյունքներ, http://scs.am/files/11.06.2021-935a2-ardyunavet.pdf
«Ինստիտուտների օպտիմալացումը կրճատումներ չի ենթադրելու», https://www.sci.am/newsview.php?id=440&arch=0&langid=1#top
«Գիտության ոլորտում փոփոխություններ են սպասվում․ աշխատավարձերը կբարձրանան, օպտիմալացումներ, միավորումներ կլինեն», https://hetq.am/hy/article/137294