Օգոստոսի 16-ին Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը հայտնել է, որ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը, անդրադառնալով իր անձնական պատմությունը՝ որպես Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի, կրկին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը միանալ աշխարհում գնալով աճող այն պետությունների թվին, որոնք ճանաչել են Օսմանյան կայսրության բնիկ քրիստոնյա ժողովուրդների՝ հայերի, ասորիների և հույների կոտորածները որպես ցեղասպանություն:
«Իմացեք, որ մեզնից շատերը չեն հանգստանա, մինչև որ Օսմանյան ժամանակաշրջանում ասորիների, հայերի և հույների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չճանաչվի: Եվ ես կրկին կոչ եմ անում իմ դաշնային գործընկերներին և դաշնային խորհրդարանին ճանաչել այն, ինչ ճանաչել են Ավստրալիայի նահանգային խորհրդարանները և մի շարք երկրներ աշխարհի տարբեր հատվածներում», – ասել է վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը:

