Մայիսի 31-ին Ագզային ժողովի նիստի ընթացքում երկրորդ ընթերցման է ներկայացվել նաև «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին խնդրահարույց նախագիծը, որն ավելի հայտնի է «Ցեմենտի մասին նախագիծ» անունով: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է պետտուրք չսահմանել կլինկերի նկատմամբ, իսկ ցեմենտի նկատմամբ սահմանված պետտուրքը նախապես հաշվարկված 22 000 դրամից իջեցնել 14 հազարի: ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը այս մասին հայտարարեց.
«Գնացիք հարցի լուծման վատագույն ճանապարհով, ոչ պրոֆեսիոնալ, գնացիք մրցակցությունը խաթարելու ճանապարհով, փոխարենը տեղական արտադրողին արտոնություն տրամադրելու: Ամենաանհանգստացնողը Հարկային օրենսգրքի միակ լավագույն դրույթը փոփոխելու մեջ է, այսինքն` 6 ամիս ժամկետը փոփոխում եք, որը նշանակում է, որ այստեղ նստած ցանկացած պատգամավոր կարող է վաղն ևեթ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, բարձրացնել պետական տուրք և հաջորդ օրվանից դա մտնի ուժի մեջ»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Դիտարկմանը արձագանքեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը. «Ինչո՞ւ սկզբից 22 հազար, հետո 14, դրանք ավելի ուշ ստացված տեղեկությունների վրա էին կառուցված, ցավոք, չունենք այնպիսի համակարգ, որ մուտք ունենանք բոլոր արտադրողների տվյալներին: Այնուամենայնիվ, վստահ եմ, որ 14 հազարը ճիշտ չափն է, որ բերում է նույն գնային մակարդակի վրա: Արտոնություններ, ոչ թե պրոտեկցիա, որևէ արտոնության միջոցով չէին կարողանա բարելավել պայմանները, ի՞նչ արտոնություն պիտի տայինք: ԱԺ-ն, եթե գտնի, որ պետք չի, չի ընդունի»:

