fbpx
Սպորտ

Գոհ եմ Բաթումիի մրցաշարում մարմնամարզիկների արդյունքներից․ մարզիչ

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է գրավել Վրաստանի Բաթումի քաղաքում սեպտեմբերի 2-6-ը տեղի ունեցած Ռուսուդան Սիխրաուլիձեի անվան գավաթի խաղարկության թիմային պայքարում: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց մրցաշարը:

«Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան, Էրիկ Բաղդասարյան կազմով 10 թիմերի պայքարում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Լիտվայի թիմին: Մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը բազմամարտում զբաղեցրեց 2-րդ տեղը, երիտասարդական մրցաշարում Գագիկ Խաչիկյանը դարձավ հաղթող, իսկ Էրիկ Բաղդասարյանը գրավեց 2-րդ տեղը: Ազատ վարժությունում եւ նժույգ թափերում Գագիկ Խաչիկյանն առաջինն էր երիտասարդների պայքարում, իսկ օղակներում՝ 3-րդը, Էրիկ Բաղդասարյանը նժույգ թափերում 2-րդն էր, օղակներում՝ նույնպես: Հենացատկում և զուգափայտերի վարժությունում էրիկ Բաղդասարյանն առաջինն էր, պտտաձողում՝ 2-րդը, Գագիկ Խաչիկյանը հենացատկում 3-րդն էր, զուգափայտերի վարժությունում՝ 2-րդը: Ազատ վարժության մեծահասակների պայքարում Արթուր Ավետիսյանը 3-րդն էր, նժույգ թափերում Հարություն Մերդինյանը գրավեց առաջին տեղը, օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը լավագույնն էր, իսկ Արթուր Ավետիսյանը՝ 2-րդը: Կանանց պայքարում Աննա Գրիգորյանը հենացատկում զբաղեցրեց 3-րդ տեղը»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ այսպիսի մրցաշարերը շատ կարևոր են հատկապես երիտասարդ մարմնամարզիկների համար.

«Հիմնական նպատակը փորձ ձեռք բերելն է երիտասարդների համար: Ես գոհ եմ, լավ արդյունքներ էին: Հարություն Մերդինյանի և Արթուր Թովմասյանի համար սա աշխարհի առաջնությունից առաջ նախապատրաստական փուլ էր և, բնական է, որ իրենց լավագույն մարզավիճակում չեն՝ չնայած երկուսն էլ առաջին տեղն են զբաղեցրել: Ծրագրված է, որ ԱԱ-ի ժամանակ նրանք կլինեն լավագույն մարզավիճակում»,- ասաց Հակոբ Սերոբյանը:

Աշխարհի առաջնությունից առաջ Հայաստանի հավաքականը 14-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Թբիլիսիում: Հակոբ Սերոբյանի խոսքով, այդ հավաքը հնարավոր է կլինի անցկացնել, քանի որ աշխարհի առաջնության ծախսերի մի մասը հոգում է կազմակերպիչ երկիրը՝ Գերմանիան:

«Մեր բյուջեում գումար ավելացավ և որոշեցինք կազմակերպել այս հավաքը, որին կմասնակցեն նաև կանանց և երիտասարդական հավաքականները: Սա խթան կլինի նրանց համար և մեծ օգուտ կբերի: Նշեմ նաեւ, որ այսպիսի բան տեղի է ունենում առաջին անգամ», – խոսքը եզրափակեց մարզիչը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ