Կանադական GoodLife Fitness մարզասրահների ցանցը հետաքննություն է սկսել Օնտարիո նահանգի Վինձոր քաղաքի իր մասնաճյուղերից մեկում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ազգությամբ սիկհ Գուրպարտապ Սինգհ Խալսային խնդրել են լքել տարածքը՝ իր հետ կրոնական խորհրդանիշ հանդիսացող կիրպան (ծիսական դաշույն) ունենալու պատճառով։
Ինչպես հաղորդում են Now Toronto և Juno News լրատվականները, հուլիսի 15-ին տեղի ունեցած այս միջադեպը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում՝ ՏիկՏոկում հրապարակված տեսանյութի վիրուսային տարածումից հետո։ Մարզասրահների ցանցը հայտարարել է, որ աշխատակցի գործողությունները չեն համապատասխանում ընկերության որդեգրած քաղաքականությանը, սակայն միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ընկերությունը մտադիր չէ աշխատանքից ազատել տվյալ աշխատակցին։
Տեսանյութում պատկերված է Խալսայի և Վինձորի Windsor Douglas հասցեում գտնվող մասնաճյուղի աշխատակցուհու միջև տեղի ունեցած թեժ վիճաբանությունը։ Աշխատակցուհին նշում է, որ կիրպանը դիտարկվում է որպես «զենք», և մարզասրահի այցելուներից մեկն իր ուշադրությունն է հրավիրել դրա վրա։ «Ես խնդրում եմ Ձեզ լքել տարածքը՝ իմ և մարզասրահում գտնվող մյուս բոլոր մարդկանց անվտանգության համար»,— տեսանյութում ասում է աշխատակիցը՝ հավելելով, որ որպես մասնավոր ակումբ՝ GoodLife-ն իրավունք ունի մերժելու մուտքը։
Խալսան հարցնում է, թե ինչու են իրեն սկզբում թույլ տվել ներս մտնել, եթե դա խնդիր էր, ինչին աշխատակիցը պատասխանում է, որ սկզբում չի նկատել դաշույնը։ Խալսան մարզասրահին մեղադրել է ռասայական խտրականության մեջ։ Հաջորդող տեսանյութում նա նաև նշել է, որ աշխատակիցը սպառնացել է ոստիկանություն կանչել, թեև իրավապահները չեն ժամանել, և նա ի վերջո ինքնակամ լքել է տարածքը։
GoodLife Fitness-ը Now Toronto-ին տված հայտարարության մեջ նշել է, որ հանձնառու է ապահովել անվտանգ, հյուրընկալ և ներառական միջավայր բոլորի համար։ «Տեսանյութում պատկերված փոխգործակցությունը ցույց է տալիս մի իրավիճակ, երբ մեր հաստատված կանոնները չեն կիրառվել այնպես, ինչպես նախատեսված էր»,— հայտնել է ընկերությունը՝ հավելելով, որ գործում է Կանադայի մարդու իրավունքների մասին օրենսդրությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ, ըստ Juno News-ի տեղեկությունների՝ GoodLife Fitness-ը խոստացել է չազատել աշխատանքից այն աշխատակցին, ով խնդրել էր սիկհ բլոգերին լքել տարածքը։

