Google ընկերությունից հայտնում են, որ Android Security Rewards ծրագիրը ընդլայնվել է։ Այն թույլ է տալիս օգտատերերին օգտագործել Android օպերացիոն համակարգում խոցելիությունները: Դրա մեջ այժմ մտնում են նաև տվյալների դուրսբերումը և արգելափակման էկրանի շրջանցումը։ Այս մասին հաղորդում է Planet Today-ը:
Ներկայումս ծրագրին մասնակցում են Pixel 4, Pixel 3a, Pixel 3a XL, Pixel 3 և Pixel 3 XL սարքերը: Հենց դրանց ծրագրային ապահովման մեջ է առաջարկվում սխալներ գտնել:
Խոցելիություններ հայտնաբերելու դեպքում օգտատերերին խոշոր պարգևատրում է սպասում: Ընկերությունը հայտնաբերված թերությունների բարդությունից և կարևորությունից կախված տարբեր գումարներ է սահմանել: Առավելագույն գումարը կազմում է 1 մլն դոլար: Դրա համար հարկավոր է հայտնաբերել Titan M պաշտպանությունը խոցելու հնարավորությունը, որը հենց պատասխանատու է Google-ի նոր սարքերի անվտանգության համար: Դրանից բացի, ընկերությունն առաջարկում է նաև 50 տոկոսի բոնուս, եթե Android-ի վաղ նախնական տարբերակներում հաջողվի հայտնաբերել խոցելիություն: Արդյունքում պարգևատրումների ընդհանուր գումարը կարող է կազմել 1,5 մլն դոլար:
Արժե նշել, որ նախկինում ընկերությունը բազմիցս դրամական պարգևներ է վճարել այն օգտատերերին, որոնք հայտնաբերել են մշակողների այս կամ այն թերությունը: Ծրագրի գործողության ժամանակահատվածում, այսինքն՝ 2015 թվականից սկսած Google-ն արդեն հասցրել է վճարել 4 մլն-ից ավելի դոլար: Մեկ օգտատիրոջը վճարված առավելագույն գումարը կազմել է 201 337 դոլար: