Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում և հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում:
Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր են արձանագրել։ Խախտումներ դեռ կան․ ախտահանումը պատշաճ չի իրականացվում, գրանցամատյանների վարման գործընթացում թերացումներ կան, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, դիմակ չկրելու դեպքերը բազմաթիվ են, նաև բացակայում են իրազեկման թերթիկները: Հանգստյան որոշ տներում և հյուրանոցներում արձանագրված խախտումների արձանագրություններն ԱԱՏՄ-ն կներկայացնի պարետատուն՝ կասեցման միջնորդությամբ։
Միաժամանակ, Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն՝ նախորդիվ դրանցում արձանագրված խախտումների հիմքով։ Իրականացվել է նաև 48-ժամյա կասեցում Էջմիածնում գործող մեկ տնտեսավարողի նկատմամբ։
ՀՀ պարետի որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում խստացված ստուգայցերը շարունակվում են։
https://www.facebook.com/hlib.am/posts/792175164856523?__xts__[0]=68.ARD36TEWr3DMIPvGGMIji5-P-Q9OP8EbunyepkH8o3HI8-MupZQdmD1XWwJsUOjCm0H9wJOTV5c9OUvOp9bfS_cq7VlFfkmUO_LD1m3oVwpgQX83a0nhFayih9rhsOk3S_2TxuezK2NxmOGCrK-45ToV0pbhLY0h3imKipFCnCHQ_5Q07zoGJjdqy0TWKK1uSB6sfuL-Guao2g1oanWdXVTem5fcRK5PstoTLCYXUNVnyhaqg_vSUq56tI1bCrVi-Nhg-n8QawCtSxCL_3BU511_FtpjIpGeWTsPMHXwYauil0zPQA4mh3c-5CVRB_1pK9Gz1P8HnF395Y0JH4HDIC8&__tn__=-R