fbpx
Խորհրդարան

Գրավատներն այսօր ամսական 8300 դրամ են վճարում և սա աբսուրդային է․ պատգամավոր

Հարկային նոր օրենսգիրքը գաղափարապես արտահանմանը միտված ճյուղերի զարգացման վրա է հիմնված: Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Նրա խոսքով՝ մեծ հեռանկարներ ունեն հատկապես հագուստի արտադրությունն ու զբոսաշրջությունը: «Առանց մեր արտահանման ծավալների կտրուկ ավելացման տնտեսական հեղափոխության գործընթացը բավականին դանդաղ տեղի կունենա», – ասաց նա:

Անդրադառնալով գրավատների և փոխանակման կետերի վճարի մասով նախատեսված փոփոխություններին, Գևորգ Պապոյանը նշեց, որ դրանք հիմնականում հավելյալ արժեք չեն ստեղծում և իրենց ստեղծած հավելյալ արժեքը շատ ավելի քիչ է, քան այն, որ կա արտահանմանը միտված ճյուղերի դեպքում:

«Խնդիրը պետական տուրքի կտրուկ բարձրացման հետ է կապված, որտեղ որոշակիորեն արդարացի բողոք կա գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերի կողմից: Գրավատներն այսօր ամսական 8300, փոխանակման կետերը մոտավորապես 4500 դրամ են վճարում, և սա աբսուրդային է», – ընդգծեց բանախոսը։

Առաջարկվող փոփոխություններով վարկային կազմակերպություններից գանձվող պետական տուրքը 500 հազարից առաջարկվում է դարձնել 3 միլիոն դրամ, վճարահաշվարկային ընկերություններից գանձվող տուրքը 250 հազարից՝ մեկ միլիոն դրամ, վարկային բյուրոներից՝ 500 հազարից՝ 1 միլիոն դրամ, բանկերից՝ 3 միլիոն դրամից՝ 7 միլիոն դրամ, գրավատներից՝ 100 հազար դրամից՝ 6 միլիոն դրամ, փոխանակման կետերից՝ 50 հազար դրամից՝ 3 միլիոն դրամ, փոխանակման դիլերներից՝ 100 հազարից՝ 3 միլիոն դրամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ